Այսօր Կիրանցում մոտ երկու ժամ փակ են պահել դեպի Ոսկեպար գնացող մայրուղին՝ միայն մեկ պահանջով՝ սահմանային սյուները գյուղի բնակելի տարածք չհասցնել։
Ոստիկանությունից հորդորել են՝ ողջամիտ ժամկետում բացել ճանապարհը, զգուշացրել՝ հակառակ դեպքում մասնակիցներին բերման կենթարկեն։
Ճանապարհը փակած Կիրանցի մոտ երեք տասնյակ բնակիչները պնդում էին՝ սահմանից մեկնարկած ու Երևան հասած շարժումը փոխել է պահանջները՝ դրանց իրենք չեն միանում։ Սահմանազատումը դադարեցնելու իրենց պահանջները չեն փոխվել։
Կիրանցում դեռ 20 օր առաջ փակեցին մայրուղին՝ նույն այս պահանջներով։ Հետո ոստիկանությունը ուժով բերման ենթարկեց նախաձեռնողներին ու գյուղը շրջափակման մեջ առավ մոտ երկու օր։ Պաշտոնական բացատրությամբ՝ տեղում ականազերծման աշխատանքների ժամանակ անվտանգություն ապահովելու նպատակով։
Կիրանցի բնակիչ Գևորգ Սիմոնյանն «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց՝ Երևանում ձևակերպումներ են փոխվել։
«Մենք ամենասկզբից էլ ասել ենք, որ մենք չունենք ոչ մի կուսակցական ուղղվածություն, ոչ մի քաղաքական թեզի ուղղվածություն, ոչ մի քաղաքական թեզի սատարողը չենք: Չգիտեմ՝ խնդիրը ստեղ սկսել, հասել է Երևան, Երևանում ինչ տեսք է ստացել, ինչ պահանջ ունեն, ես դրա մասին չեմ կարա ասեմ, ես որպես էս գյուղի բնակիչ, էս գյուղի ներկայացուցիչ, իմ խնդիրը, մեր բոլոր գյուղացիների խնդիրը հետևյալն է, որ այն երեք կետերը, որոնք սահմանագծման, սահմանազատման ժամանակ ունենալու են ընդհանուր սահման գյուղի հետ, կամ մտնելու են գյուղի որոշ տարածքներ, այդ երեք կետերը հանվեն ընդհանուր պրոցեսից», - ասաց բնակիչը:
Կիրանցում սահմանազատման աշխատանքներն արդեն երեք օր դադարեցված են։
Իր վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ հասել են «զգայուն կետերին», որտեղ գյուղ տանող կամուրջն է, դպրոցն ու մասնավոր տները։ Սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն պատասխանում՝ երբ կվերսկսվեն աշխատանքները, արդյո՞ք ժամանակավոր դադարը կապված է Երևան հասած բողոքի ակցիաների հետ։