Մատչելիության հղումներ

Պուտինն այսօր հանդիպումներ կունենա Փեզեշքիանի, Էրդողանի հետ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Կազան, 22-ը հոկտեմբերի, 2024թ․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Կազան, 22-ը հոկտեմբերի, 2024թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Սա կլինի մեկ ամսվա ընթացքում Պուտինի երկրորդ հանդիպումը Փեզեշքիանի հետ։ Նրանք հանդիպել էին նաև Աշխաբադում կայացած ֆորումի ժամանակ, քննարկել Մերձավոր Արևելքում վատթարացող իրավիճակը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինը Փեզեշքիանի հետ Կազանում կանդրադառնա Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրմանը, որն ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Համաձայնագրի տեքստի բովանդակության մասին չի հաղորդվում։

Էրդողան-Պուտին հանդիպումը կլինի երկրորդն այս տարվա ընթացքում, սակայն հեռախոսով երկու երկրների ղեկավարներն այս տարի 6 անգամ խոսել են։ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներն այսօր նախատեսում են քննարկել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայում միջազգային գազային հանգույց ստեղծելու նախագիծը։

BRICS-ի գագաթնաժողովը Կազանում մեկնարկել է նախօրեին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 24-ը։ Դրան կմասնացկի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օրերս Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու գագաթնաժողովի շրջանակներում։ BRICS-ի աշխատանքներին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կշփվեն գագաթնաժողովի շրջանակներում՝ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG