Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական համապարփակ համագործակցության մասին համաձայնագրում ներառված է 47 հոդված և ընդգրկում է բոլոր ոլորտները, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այս համաձայնագիրն ունի ներածական մաս և 47 հոդված։ Համաձայնագրի ստորագրմամբ և իրագործմամբ մենք ականատես կլինենք երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացմանը»,- ասել է դեսպանը։
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կփոխարինի 2001-ին ստորագրված համագործակցության սկզբունքների մասին համաձայնագրին։ Նոր փաստաթղթի շուրջ աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ, սակայն տեքստից մանրամասներ չեն հրապարակվում։
Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ համաձայնագիրը նախատեսված էր ստորագրել 2024-ի հոկտեմբերին Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն, ըստ «Ռիա Նովոստի»-ի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարները պայմանավորվել են, որ այն կստորագրվի Իրանի նախագահի՝ Մոսկվա առանձին այցի ժամանակ։ Մասուդ Պեզեշքյանի այցը Մոսկվա նախատեսված է հունվարի 17-ին։