Մատչելիության հղումներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում


Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում, գյուղում հատուկենտ ոստիկաններ են մնացել։ Սահմանին աշխատանքները դեռ երեկ էին ժամանակավորապես դադարեցվել։ Այս մասին Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն էր տեղեկացրել։

Փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից առայժմ չի հաջողվել ճշտել՝ երբ կվերսկսվեն աշխատանքները։ Երեկ ասուլիսում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ 90 տոկոսով գործն ավարտել են։ Նշել էր՝ հասել են «զգայուն կետերին», որտեղ գյուղ տանող կամուրջն է, դպրոցն ու մասնավոր տները։

«Այս կետերում մի քիչ շատ կչարչարվենք», - ասել էր երկրի ղեկավարը, նշելով, թե «այստեղ սանտիմետրերը նշանակություն ունեն», և որ պետք է դրանք ճշգրիտ արտահայտեն։

Կիրանցի վարչական ղեկավարն առաջին իսկ օրերից դեմ էր արտահայտվել, հրաժարվել մասնակցել սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին։ Երեկ նա սահմանազատվող տարածք էր մտել իրավապահների հսկողությամբ ու միայնակ, ինչից հետո գյուղ եկավ ու հայտարարեց, թե տեղադրված սահմանային սյուների պատկերն այս պահի դրությամբ իրեն գոհացնում է։ Ասաց՝ տեսել է տեղադրված 11-րդ սահմանային սյունը՝ Խեյրիմլին ու գյուղի սեփական հողերը բաժանող գետի մեջ. - «Այն, ինչ որ ես տեսել եմ ու պատկերացրել եմ, որ ավելի վատը կլինի, դեպի դրականն է եղել այդ ամեն ինչը, մնում է մեր այս քիթը՝ գյուղի մասը, ամենացավալի»։

«Ազատության»-ն այդ հատվածներ մտնելու և նկարահանում անելու թույլտվություն չի տրվել։

Իսկ ահա նախորդ օրը, երբ վարչական ղեկավարը հեռվից տեղադրված միայն 5 սյուներն էր տեսել, համագյուղացիներին պատմում էր՝ անհանգիստ ու վրդովված, նշում, թե հանձնաժողովականների անցուդարձն իրենց սեփական այգիներում հուսադրող չէ։

Այսօր եղած հակասությունների մասին հրաժարվեց խոսել, ասաց՝ խոսքերը խեղաթյուրում են, քաղաքական ուժերն օգտագործում՝ ըստ իրենց հարմարության։

Մինչ այդ գյուղացիները շարունակում են պնդել՝ սահմանազատումից գոհ չեն լինի, քանի դեռ պարզ չէ՝ սահմանային սյուներն ինչ գծով բնակելի տարածք կմտնեն։ Երեկ վարչապետն ասել էր՝ սահմանազատման վերջնական արդյունքից գուցե բացարձակ գոհունակություն չարտահայտեն տեղացիները, բայց խնդիրը կլուծեն այնպես, որ նրանք դա բավարար կհամարեն։

Այսօր «Ազատության» տեսախցիկն արձանագրել է երկու սահմանային սյուն Խեյրիմլիի տարածքում՝ իրարից ավելի քան կես կիլոմետր հեռու։ Թե ինչպիսի գծով դրանք կմիանան միմյանց՝ ուղիղ, թե կոր, դրանից կախված կլինի՝ կիրանցիների սեփական հողերը սահմանից այն կողմ կհայտնվեն, թե կմնան Կիրանցինը։

XS
SM
MD
LG