Մատչելիության հղումներ

Պայթյուն՝ Մոսկվայում. սպանվել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը


Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար Իգոր Կիրիլովը, արխիվ
Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար Իգոր Կիրիլովը, արխիվ

Մոսկվայում այսօր առավոտյան պայթյունի հետևանքով սպանվել են Ռուսաստանի Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը:

Պաշտոնական հաստատում չկա, սակայն Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրն «Ազատության»-ը փոխանցել է, որ պայթյունն իրականացրել է Ուկրաինայի հետախուզությունը։

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության, սպանության և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Քննչական կոմիտեից հայտնել են. - «Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարք է գործի դրվել, որը տեղադրված է եղել բնակելի շենքի մուտքի մոտ կայանված էլեկտրական ինքնագլորում»։

Տելեգրամյան մի շարք ալիքներ տեղեկացնում են, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ինքնագլորի բռնակում և գործի է դրվել հեռահար, երբ Կիրիլովն ու օգնականը մոտեցել են շենքի մուտքին:

Հարևաններից պատմել են, որ պայթյունի ձայնը շատ ուժեղ է լսվել. - «Սկզբում մտածեցինք, որ գուցե ցեմենտ են բեռնաթափում կամ նման մի բան: Սակայն պայթյունն այնքան ուժգին էր, որ այն նման չէր շինարարական աշխատանքների ձայնի։ Շատ սարսափելի էր»։

Մեդվեդևը հայտարարել է՝ Կիրիլովի սպանության հեղինակն ուկրաինական հատուկ ծառայություններն են և հատուցում խոստացել

Կրեմլից առայժմ չեն արձագանքել, բայց Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ գեներալ Կիրիլովի սպանության հեղինակն ուկրաինական հատուկ ծառայություններն են և հատուցում խոստացել։

«Ահաբեկչական այս հարձակումը բանդերովյան վարչակազմի հոգեվարքի վկայությունն է։ Ռուս ժողովրդին ահաբեկելու և մեր բանակի հարձակումը կասեցնելու բոլոր փորձերը դատապարտված են, իսկ անհետացող երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն անխուսափելի հատուցում է սպասում», - ասել է Մեդվեդևը:

Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գեներալ Կիրիլովի նկատմամբ քրեական գործ էր հարուցել՝ նրան հեռակա մեղադրելով պատերազմական հանցագործությունների համար։ Գերատեսչությունը պնդում է, որ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Կիրիլովի հրամանով գրեթե 5000 անգամ քիմիական զենք է կիրառվել Ուկրաինայում, ինչի հետևանքով ավելի քան 2000 ուկրաինացի զինծառայող է հոսպիտալացվել։

Հոկտեմբերին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր սահմանել գեներալի նկատմամբ՝ Ուկրաինայում քիմիական արգելված զինատեսակներ կիրառելու և ապատեղեկատվություն տարածելու գործում ունեցած դերի համար։ Լոնդոնը հայտարարել էր, թե ռուսական ուժերը խոստովանել են, որ ռազմի դաշտում կիրառել են քիմիական զենքեր, այդ թվում՝ քլորոպիկրին, որը թունավոր խեղդող նյութ է և առաջին անգամ կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

54-ամյա Կիրիլովի ղեկավարման տակ էր գործում Մոսկվայից մի փոքր հեռու գտնվող ռազմական հետազոտական գաղտնի կենտրոնը, որը մեծ դեր է խաղացել Խորհրդային Միության շրջանում կենսաբանական զենքի ստեղծման գործում, իսկ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո էապես ընդլայնվել է:

Այս տարվա հունվարին Կիրիլովն ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսչական ստուգում էին անցկացրել կենտրոնում: Պետական լրատվամիջոցները բացառիկ կադրեր էին հրապարակել կենտրոնից, որոնցում երևում էին սարքավորումներ և ենթակառուցվածքներ, որոնք, ըստ փորձագետների, սովորաբար օգտագործվում են կենսաբանական լաբորատորիաներում՝ նախատեսված ամենավտանգավոր հայտնի պաթոգենների հետ աշխատելու համար:

Գեներալ Կիրիլովի սպանությունից ընդամենը չորս օր առաջ Մոսկվայի շրջանի անտառներում սպանվել էր հրթիռաշինությամբ զբաղվող «Մարս» ընկերության գլխավոր կոնստրուկտորի տեղակալ Միխայիլ Շացկին, որը մասնակցել է Ուկրաինայի դեմ կիրառվող թևավոր հրթիռների մշակմանը:

XS
SM
MD
LG