Մատչելիության հղումներ

Պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց այն պետք է ընդգրկի բոլոր հարցերը, այդ թվում՝ Ուկրաինան. Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանը պատրաստ է երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության հարցերի շուրջ, սակայն դա հնարավոր է միայն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և այլ խնդիրների քննարկման հետ մեկտեղ։ Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք բաց ենք երկխոսության համար, բայց լայն, համապարփակ երկխոսության, որը կընդգրկի բոլոր հարթությունները, ներառյալ՝ Ուկրաինայի հակամարտությունը, դրան ԱՄՆ-ի ներգրավվածությունը», - հայտարարել է խոսնակը:

Նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ից համապատասխան առաջարկների հեղինակները «նեղություն չեն քաշում ուսումնասիրելու Ռուսաստանի դիրքորոշումը, որն արտահայտել է բարձրագույն քաղաքական ղեկավարությունը»։

«Ռուսաստանի նախագահը, խոսելով երկխոսության հեռանկարների մասին, ասաց, որ մենք պատրաստ ենք երկխոսության ԱՄՆ-ի հետ, մենք շահագրգռված ենք ԱՄՆ-ի հետ երկխոսությամբ, բայց միայն համապարփակ կերպով: Չի կարելի կուտակված հարցերից առանձնացնել միայն մեկը», - հայտարարել է նախագահի մամլո խոսնակը:

Միաժամանակ նաև ընդգծել է, թե համոզված է, որ նման երկխոսությունը «շատ պահանջված և անհրաժեշտ է», քանի որ «խնդիրները կուտակվում են, այդ թվում՝ գլոբալ անվտանգության հետ կապված»։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ կլինի ԱՄՆ-ի հետ քննարկել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր պայմանագիրը միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը դադարեցնի զենք մատակարարել Կիևին և արգելափակի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG