Մատչելիության հղումներ

«Պատմական հանդիպում». Լլոյդ Օսթինը՝ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման մասին


«Պատմական հանդիպում», ԱՄՆ հեռացող պաշտպանության քարտուղարն այսպես է որակել Վաշինգտնում հայ պաշտոնակցի հետ երեկվա քննարկումները։

Լլոյդ Օսթինը Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները երբևէ այսքան մոտ չեն եղել։

«Միացյալ Նահանգներն աջակցում է ինքնիշխան, անկախ և բարեկեցիկ Հայաստանին։ Մեր երկրների միջև առկա ռազմավարական հարաբերությունները երբևէ այսքան մոտ չեն եղել։ Կանզասի ազգային գվարդիայի ու Հայաստանի միջև համագործակցությունն ընդլայնվում է ավելի քան 20 տարի, և այսօր գվարդիան աջակցում է Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին։ Սա մեր հանդիպումն է, և մենք հագեցած օրակարգ ունենք», - նշել է Օսթինը։

Հայաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունն ուղղված է զինված ուժերի բարեփոխմանը, ռազմական կրթությանն ու մարտական պատրաստությանը։

«Մենք հակված ենք տարածաշրջանում խաղաղության հասնելուն զուգընթաց ուժեղացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և երկրի դիմակայությունը՝ որպես մեր երկրի տարածքային ամբողջականության, սահմանների պաշտպանության, ժողովրդավարության պաշտպանության կարևոր գրավական», - ասել է Պապիկյանը:

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն ասում է՝ չնայած այս հանդիպումը կայացել է արդեն հեռացող վարչակազմի պաշտոնյայի հետ, բայց, ձեռքբերված պայմանավորվածությունները կարող են շարունակվել նաև հաջորդ վարչակազմի օրոք։ Առայժմ, սակայն, պարզ չէ, թե քննարկված հարցերից բացի, արդյոք որևէ կոնկրետ պայմանավորվածություն կա կողմերի միջև։

Հայաստանի ու Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին 2012-ին։

«Ինձ թվում է՝ շատ ավելի խորը քննարկում կարա լիներ, քան նախկինում: Ցավոք սրտի, խոսքը գնում է աշխատանքը վերջացնող ադմինիստրացիայի հետ հանդիպման մասին, բայց նույն ժամանակ շատ պայմանավորվածություններ, շատ պրոեկտներ, որ հիմա հնարավոր լինի պայմանավորվել ու սկսել, կշարունակվեն մյուս ադմինիստրացիայի ժամանակ էլ», - նշեց Ներսիսյանը:

Միացյալ Նահանգների հետ պաշտպանական ոլորտում գործակցությունն ակտիվացել է վերջին երկու տարիներին։ Հենց այս ընթացքում Հայաստանում հայ-ամերիկյան երկու զորավարժություն է անցկացվել։ Վերջինը՝ «Արծիվ գործընկեր- 2024»-ն էր, դրան ամռանը մասնակցում էին Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցի ընթացքում նախօրեին Վաշինգտոնում ՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում հանդիպել էր Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտում է, որ ռազմական երկու կառույցների ղեկավարները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցության առնչվող հարցեր՝ առանց այլ մանրամասների:

Այս հանիպումը հաջորդում է հունական լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, թե Աթենքը պատրաստվում է Հայաստանին փոխանցել C-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ և ռուսական արտադրության ևս երկու այլ զինատեսակներ։

XS
SM
MD
LG