ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Վաշինգտոնում Հունաստանի դեսպանությունում հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:
Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին:
Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը:
Մեկ այլ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պապիկյանն այսօր Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին:
Քննարկվել են ՀՀ Զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ԱՄՆ է մեկնել երեկ: