Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտվել է, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։
Ըստ կոմիտեի՝ շինարարական աշխատանքները տևել են մոտ 6 ամիս, ավարտվել են 2023-ի նոյեմբերին։
ՊԵԿ-ը նշում է, որ այստեղ պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել ինչպես Հայաստանի մյուս անցակետերում է՝ «մեկ պատուհան» համակարգով։
Կառուցվել են սպասարկման սրահ, խորը զննման անգար, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ, ընդարձակ հրապարակ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին։ ԵՄ դեսպանն ու ՊԵԿ նախագահը շրջել են անցակետի տարածքում:
ԵՄ դեսպանը գոհունակություն է հայտնել անցակետում իրականացված աշխատանքներից։
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սեյդար Քըլըչը շուրջ երկու տարի առաջ Վիեննայում պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայկական կողմը Մարգարայի անցակետի շինարարությունն ավարտեց, սահմանը, սակայն, դեռ փակ է։