Մատչելիության հղումներ

Փարիզն ու Բաքուն կրկին կոշտ մեղադրանքներ են փոխանակում


 Էմանյուել Մակրոն, Այխան Հաջիզադե
Էմանյուել Մակրոն, Այխան Հաջիզադե

Ֆրանսիան և Ադրբեջանը հերթական կոշտ մեղադրանքներ են փոխանակում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անհիմն ու անընդունելի է որակել Ֆրանսիայի նախագահի պնդումները, թե Ադրբեջանը վերջին ամիսներին անընդունելի միջամտություն է կատարել Ֆրանսիայի ներքին գործերին, մասնավորապես, իր անդրծովյան տարածքների մեծ մասում վարած քաղաքականությանը՝ փորձելով ապակայունացնել երկիրը, զուտ այն պատճառով, որ Ֆրանսիան պաշտպանում է միջազգային իրավունքն ու Հայաստանին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն X-ում գրել է, թե Էմանյուել Մակրոնի հայտարարությունները խեղաթյուրում են իրական փաստերը:

Նրա խոսքով՝ պատերազմն Ադրբեջանը մղել է «միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան և իր ինքնիշխան տարածքներում՝ բացառապես Հայաստանի կողմից օկուպացիային վերջ դնելու նպատակով»։

«Այժմ երբ տարածաշրջանում ի հայտ են եկել խաղաղության իրական պայմաններ, մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի այսպիսի սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն իր իսկ տարածքների նկատմամբ, Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի և զինում այս երկրին», - հայտարարել է Հաջիզադեն:

Մակրոնը երեկ Ելիսեյան պալատում, դեսպանների համաժողովի ժամանակ, խոսելով սպառնալիքներից, որոնց բախվում են դեմոկրատիաները, հայտարարել էր, որ վերջին տարիներին Ռուսաստանը մեծացրել է ագրեսիան եվրոպացիների և աշխարհի զգալի մասի նկատմամբ, փոխել է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու աջակցել Ադրբեջանին:

«Վերջին տասնամյակներին մենք ականատես ենք եղել լարվածության աճի, այն այժմ շատ ավելի ակնհայտ է, շատ ավելի բացահայտ: Ռուսաստանը կտրուկ փոխեց Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու աջակցեց Ադրբեջանի գործողություններին, քանի որ առաջին անգամ Հայաստանն ուներ խիզախ վարչապետ, որը դեմ գնաց Ռուսաստանին», - հայտարարել է Մակրոնը:

Այխան Հաջիզադեն Փարիզին նաև մեղադրել է ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականություն վարելու համար և պահանջել «վերջ տալ խաղաղությանը չծառայող ու տարածաշրջանում կայունությունը խաթարող քայլերին»։

«Ադրբեջանին վերագրելը Ֆրանսիայի անհաջող գործունեությունը նրա անդրծովյան տարածքներում, որոնք նրա նենգ նեոգաղութատիրական քաղաքականության դրսևորումն են, վկայում են Ֆրանսիայի վարած սխալ քաղաքականության մասին։ Այլ երկրներին մեղադրելու փոխարեն Ֆրանսիայի համար ավելի օգտակար կլինի դասեր քաղել իր ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականությունից», - X-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը։

Ադրբեջանը հայ-ֆրանսիական համագործակցությանը շատ ցավոտ է արձագանքում․ Բաքուն Փարիզին մեղադրում է ոչ միայն Հայաստանին զինելու, այլև Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու, միակողմանի մոտեցում ցուցաբերելու ու հայամետ դիրքորոշման համար։ Ֆրանսիան բազմիցս հայտարարել է, որ իրավիճակը լարելու նպատակ չունի, իսկ Հայաստանին վաճառում է բացառապես պաշտպանական բնույթի զինամթերք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG