Մատչելիության հղումներ

Ով է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը


Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը ելույթ է ունենում Դաունինգ Սթրիթ 10 հասցեում, Լոնդոն, 5-ը հուլիսի, 2024
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը ելույթ է ունենում Դաունինգ Սթրիթ 10 հասցեում, Լոնդոն, 5-ը հուլիսի, 2024

Քիր Սթարմերը՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ․ պարտաճանաչ, կազմակերպված, փոքր-ինչ ձանձրալի, Լեյբորիստական կուսակցությունը, սակայն, համոզված է, որ Թագավորությունը հենց այդպիսի առաջնորդի կարիք ունի տնտեսական ծանր վիճակի հանգեցրած պահպանողականների երկարամյա կառավարումից հետո։

Ինչպես է Սթարմերին հաջողվել ընդամենը մի քանի տարում վերակենդանացնել քայքայվող կուսակցությունը, վերջ դնել պահպանողականների իշխանությանն ու վերջին 14 տարվա ընթացքում առաջին անգամ որպես լեյբորիստ տիրանալ Դաունինգ Սթրիթ 10 հասցեի բանալիներին՝ դառնալով Լեյբորիստական կուսակցության պատմության մեջ հինգերորդ առաջնորդը, որը կարողացել է քաղաքական ուժը ընդդիմությունից իշխանություն դարձնել։

«Անկախ նրանից՝ քվեարկել եք լեյբորիստների օգտին, թե՝ ոչ, և առավել ևս եթե չեք քվեարկել, ես ձեզ պարզ ասում եմ՝ իմ կառավարությունը պաշտպանելու է ձեր շահերը», - երեկ պաշտոնը ստանձնելիս հայտարարում էր Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետը։

Մինչև Դաունինգ սթրիթ հասնելը Սթարմերը վերջին տարիներին Լեյբորիստների առաջնորդն էր՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջերեմի Քորբինին։ Նոր կուսակցապետի խնդիրն էր ջախջախիչ պարտություն կրած քաղաքական ուժը վերափոխել, փորձել վերադարձնել լեյբորիստներից հույսը կտրած ընտրողներին։ Կուսակցությունում հաջողելուց հետո այժմ վստահեցնում է՝ նույն հաջողությամբ էլ սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս կբերի Մեծ Բրիտանիան։

Բանվոր դասակարգից մինչև Սըր Քիր

61-ամյա Սթարմերը ծնվել է Լոնդոնում՝ բանվորների ընտանիքում։ Ինչպես ծնողները, այնպես էլ ինքը Լեյբորիստական կուսակցության հավատարիմ հետևորդներ են։ Ինքը Սթարմերը քաղաքականությամբ զբաղվել է իր ողջ կյանքի ընթացքում, սակայն ի տարբերություն իր շատ կուսակիցների, Համայնքների պալատի անդամ է ընտրվել շատ ավելի ուշ՝ 50 տարեկանում՝ ետևում թողնելով իրավաբանի փայլուն կարիերան։

Իր հարցազրույցներից մեկում նա պատմում է, որ իր ընտանիքում առաջինն է, որ բարձրագույն կրթություն է ստացել։ Իրավունք է ուսանել նախ Լիդսի, ապա Օքսֆորդի համալսարանում։ Ավարտելուց հետո սկսել է փաստաբանական աշխատանքը՝ կենտրոնանալով մարդու իրավունքների վրա։

1990-ականներին հայտնի մի գործով նա ներկայացնում էր երկու էկոակտիվիստների շահերը, որոնց դեմ МcDonalds ռեստորանային հսկան զրպարտության հոդվածով հայց էր ներկայացրել։

Տարիներ անց Սթարմերին է արդեն վստահվում Թագավորական դատախազությունը՝ այդպիսով դառնալով Անգլիայի և Ուելսի ամենաբարձրաստիճան դատախազը: Այս պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 2013 թվականը՝ ծառայության համար արժանանալով Ասպետի կոչման։ Նրա տիտղոսը հաճախ են սիրում հիշատակել պահպանողական ընդդիմախոսները՝ ընդգծելու, որ Սըր Քիր Սթարմերը ևս իրականությունից կտրված էլիտար քաղաքական գործիչ է ։

Խոստանալ, հետո ասել փող չկա

Լեյբորիստական կուսակցությունն առաջնորդելու հնարավորությունը Սթարմերը ստանում է 2019-ի ընտրություններից հետո, որի արդյունքները քաղաքական ուժի համար դարձան 1935 թվականից ի վեր ամենաաղետալի պարտությունը։ Այս ձախողումից հետո Ջերեմի Քորբինին ոչինչ չէր մնում, քան հրաժարական տալ քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնից։

Նոր առաջնորդը կուսակցական վերնախավում է հայտնվում այդ թվում՝ իր ձախակողմյան հայացքների շնորհիվ, կուսակիցներին խոստանալով ազգայնացնել էլեկտրաէներեգիա և ջուր մատակարարող ընկերությունները, անվճար դարձնել համալսարանական կրթությունը։

«Ես բանվոր դասակարգից եմ սերված, պայքարել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում, և հիմա էլ կանգ չեմ առնի», - կուսակցության հոկտեմբերյան համաժողովում հայտարարում էր նա։

Ներկուսակցական ընտրապայքարում հնչեցրած իր բազմաթիվ շռայլ խոստումներ, սակայն, կուսակցապետի պաշտոնում արդեն խմբագրեց՝ նկատելով, որ երկրի պետական ֆինանսները թույլ չեն տալիս նման թանկարժեք ծրագրեր իրականացնել։

«Ձախերից շատերը նրան մեղադրում են հուսախաբ անելու, սոցիալիստական սկզբունքներին դավաճանելու համար։ Իսկ աջերից շատերը համարում են, որ նա չունի համոզմունքներ», - ասում է բրիտանացի քաղաքագետ Թիմ Բեյլը։

«Բայց, հեյ, եթե դա նրան օգնել է հաղթել, ապա, կարծում եմ, որ այդ ամենը խոսում է Սթարմերի բնավորության մասին: Նա կանի ամեն հնարավորը և արել է ամեն հնարավորը, որպեսզի հայտնվի կառավարությունում», - նշում է քաղաքագետը։

Արտաքին հարցեր

Անցած տարվա հոկտեմբերին Իսրայելի վրա «Համաս»-ի արյունալի հարձակումից հետո Քիր Սթարմերը աջակցություն է հայտնել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններին և Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին։ Այդ դիրքորոշումը զայրույթ հարուցեց ոչ միայն պաղեստինամետ ընտրողների շրջանում, այլև լեյբորիստ պատգամավորների շրջանում, որոնք ստիպեցին նրան անհապաղ հրադադարի կոչ հնչեցնել։

2019 թվականին Լեյբորիստների առաջնորդը «Բրեքզիթ»-ի հարցով երկրորդ հանրաքվեի ջատագովներից էր՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու գաղափարի մոլի հակառակորդը։ Այժմ արդեն բացառում է հարցին վերադառնալը, միաժամանակ խոստանում Բրյուսելի հետ քննարկումներ սկսել երկկողմ ավելի լայն համագործակցության մասին նոր համաձայնագրի շուրջ։

«Ատում եմ պարտությունը»

Բրիտանական մամուլը գրում է, որ ընդդիմախոսները Սթարմերի մասին խոսելիս նշում են, որ նա ձանձրալի անձնավորություն է։ Ինքը՝ քաղաքական գործիչը հաճախ է ընդգծում, որ չափազանց կարգապահ է։ Գործընկերները նրան կես կատակ «Պարոն օրենք» են անվանում։ Օրենք նա այդուհանդերձ խախտել է․ երիտասարդ տարիքում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել առանց թույլտվության պաղպաղակ վաճառելու համար։ Պաղպաղակը բռնագանձվել է, այլ տհաճ հետևանքներ չեն եղել։

Լրագրողների հետ զրույցներում Սթարմերը իր բնավորության մասին խոսել չի սիրում, մեկ անգամ միայն խոստովանել է, որ մրցակցելու հակում ունի։

«Գարդիան»-ին տված մի հարցազրույցում ասել է. - «Ատում եմ պարտությունը։ Որոշ մարդիկ ասում են՝ կարևորը մասնակցությունն է, բայց ես այդ ճամբարին չեմ պատկանում»։

XS
SM
MD
LG