Մատչելիության հղումներ

Սպանվել է «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլան


«Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլան
«Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլան

Իսրայելի բանակը սեպտեմբերի 28-ին հայտարարեց, որ մեկ օր առաջ Բեյրութում մի շարք հարվածների արդյունքում սպանել է «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլաին, որը Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

Այս մասին տեղեկություն, AP-ի և Reuters-ի փոխանցմամբ, հաստատել է նաև «Հեզբոլա»-ն: Խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրն այսօր ավելի վաղ ասել էր, որ Նասրալլայի հետ կապը կորել է անցյալ երեկոյից:

Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը ասել է, որ սպանվել են Նասրալլան, «Հեզբոլա»-ի հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքին և այս խմբավորման մի շարք այլ հրամանատարներ։

«Ուղերձը պարզ է. մենք կհասնենք բոլորին, ովքեր սպառնում են Իսրայելի քաղաքացիներին հյուսիսում, հարավում և ավելի հեռավոր ճակատներում», - նշել է նա:

Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես հաղորդագրություն է տեղադրել X-ում, որտեղ ասվում է, որ «Հասան Նասրալան այլևս չի կարողանա ահաբեկել աշխարհը»:

Այսօր ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, թե հարվածների արդյունքում զոհվել է Նասրալլայի դուստրը՝ Զեյնաբ Նասրալլան։ «Հեզբոլա»-ն այս տեղեկությունը ևս չի հաստատել:

Իսրայելը նախօրեից զանգվածային հարվածներ է հասցրել Բեյրութին: Իսրայելական կողմը հայտարարում է, թե թիրախավորել է «Հեզբոլա»-ի կենտրոնակայանը։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների, հարվածներն ուղղված էին «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG