Շղթայված ձեռքերով երեկ դպրոցից դուրս բերված ուսուցիչն այսօր կալանավորվել է: Նա մեղադրվում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Այս պատմությունը երկու օր է` ինչ թեժ քննարկվում է Հայաստանում։ Մի խումբ ծնողներ անհանգստացած էին, որ իրենց երեխաների դպրոցում այս ծանր մեղադրանքով ուսուցիչ է ձերբակալվել, մյուսներն էլ զայրացած դժգոհում էին ԱԱԾ գործողությունից, թե ներխուժել են դասարան, աշակերտների աչքի առաջ գետնին պառկեցրել ուսուցչին, քաշել մազերն ու դուրս տարել:
«Քրեական գործերից մեկով ուսուցիչն է դպրոցում սեռական բռնության ենթարկել աշակերտին, մյուսներով էլ փոխտնօրենն ու անգամ տնօրենը», - նախկինում տեղի ունեցած դեպքերն է հիշում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը՝ չբացառելով դրանց կրկնությունը:
Այդուհանդերձ, տեղական ու միջազգային օրենքներին, կոնվենցիաներին հղում անելով, իրավաբանն ընդգծում է՝ տուժող և վկա երեխաների հետ իրավապահները նույն մեթոդով պետք է աշխատեն, ինչը, նրա կարծիքով, երեկ չեն արել:
«Երբ որ երեխաների ներկայությունը նման միջոցառման ժամանակ պարտադիր պայման չէ կամ ծայրահեղ անհրաժեշտություն չէ, նշանակում է՝ իրավապահները դա չպետք է անեն, որովհետև սա, հակառակը, հանրային հնչեղություն ունեցող դեպք դարձավ ու հետաքրքրությունների շրջանակ բերեց դեպի այդ երեխան: Բոլորի մոտ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ էր այդ տուժող երեխան, արդյոք ինքն այդ դպրոցի սան էր: Երկրորդը՝ իսկ եթե այդ ուսուցիչն ունի ընտանիք, ունի երեխաներ, ակամա դառնալու է իրավիճակ, որ այդ երեխաներն են թիրախավորվելու», - ասաց փորձագետը:
Դպրոցներում դեպքերը կնվազեն, եթե երեխաները տեղյակ լինեն՝ ինչ է սեռական բռնությունը. Տաթևիկ Աղաբեկյան
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն» իր գործունեության 16 տարիների ընթացքում, սեռական բռնության ենթարկված 110 անչափահասի է իրավական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերել: Կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն իրենց վիճակագրությամբ է փաստում՝ զգալի դեպքերում երեխաները սեռական բռնության են ենթարկվել նախ ընտանիքի անդամների կողմից:
Այս երկու օրերի աղմուկում, ըստ Աղաբեկյանի, ստվերվեց ավելի կարևոր բան, ինչը ծնողների գրառումներում գրեթե չի նկատել. «Չտեսա գրառումներ նրա մասին, որ՝ «սեռական բռնությունն այսքան մոտ է մեր երեխային, մենք չէինք պատկերացնում, ես կուզեմ կանխարգելել, իմ երեխային պաշտպանել սեռական բռնությունից»:
Դպրոցներում դեպքերը կնվազեն, եթե երեխաները տեղյակ լինեն, թե ինչ է սեռական բռնությունը, եթե դա դասավանդվի պատշաճ լրջությամբ ու առանց կարծրատիպային մոտեցումների, եթե երեխաներն իմանան, դպրոցում առաջինն ում դիմել, ընդգծում է փորձագետը։
«Էս դեպքերում դպրոցը ոչ մի արձագանքման համակարգ չունի: Քանի որ այս երկրում սեռականության մասին խոսելը միևնույն է շարունակում է ամոթ մնալ, մարդն ունի իր անձնական ամոթները նաև: Մենք շատ-շատ ենք մեր փորձի ընթացքում տեսել ուսուցիչներ, ովքեր ամաչում են երեխայի հետ խոսել: Այս մշակութային կոնտեքստում չեմ կարծում, որ մի երկու տարում մենք լուրջ արդյունք կունենանք սեռական դաստիարակության առումով, բայ նաև համոզված եմ, որ պետք է մոնիտորինգային ծրագրեր լինեն՝ ինչ տվեց, ինչ չտվեց, որ ուսուցչի մոտ ինչքանով արդյունավետ է ստացվում», - նշեց Աղաբեկյանը:
12 տարի առաջ Սյունիքի մարզի գյուղերից մեկում, գյուղապետը, որ նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր, մտավոր խնդիրներ ունեցող երեխայի էր բռնաբարել: Թեև նա ութ տարվա ազատազրկման էր դատապարտել, բայց 12 տարի անց՝ այս հունիսին ՄԻԵԴ-ը վճռեց՝ Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել դպրոցում երեխայի պաշտպանվածությունը, աշակերտների ահազանգից հետո էլ ուսուցիչները նախընտրել են չմիջամտել։
Պետությունը որպես վնասի փոխհատուցում ընտանիքին պետք է 32 հազար եվրո վճարի: Իսկ Քննչական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների 1159 գործ են քննել, որից 14-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների մասով։ Իսկ այս տարվա միայն առաջին կիսամյակում այս թիվը 2-ով ավելի է՝ 16 դեպք: