Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում է՝ անչափահասների ներկայությամբ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները բերման են ենթարկել ուսուցչին։
Ըստ ծնողների՝ այսօր կեսօրին ԱԱԾ-ականները գոռգոռալով, ուղիղ դասի ժամին ներխուժել են դասարան, աշակերտների աչքի առաջ գետնին տապալել, հարվածել ուսուցչին ու բերման ենթարկել։ Աշակերտները վախեցած զանգահարել են ծնողներին ու դպրոց կանչել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի որդին պատմել է, թե աշակերտները կարծել են՝ զինված ԱԱԾ-ականները ահաբեկիչներ են ու սարսափած դես ու դեն փախչել։
Համացանցը պայթեցրած ծնողական ահազանգերից հետո Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքում կարճ գրառում արեց, թե Ազգային անվտանգության ծառայությունը թիվ 20 դպրոցի աշխատակցին, իր ձևակերպմամբ, տեղափոխել է Քննչական կոմիտե։
Հետո Քննչականի խոսնակը հաղորդեց, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում մի քրեական վարույթի շրջանակում դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել անչափահասի նկատմամբ «անառակաբարո արարք կատարելու» հոդվածով։ Քննիչի որոշմամբ են ձերբակալել աշխատակցին։
Ծնողները ենթադրյալ ծանր մեղադրանքը չեն քննարկում՝ «եթե մեղավոր է, թող պատժվի օրենքի ողջ խստությամբ», բայց զայրացած են՝ երեխաներին ահաբեկելով՝ նրանց իրավունքներն են պաշտպանո՞ւմ:
«Բա ո՞ւր մնաց երեխաների պաշտպանությունը, երեխաների իրավունքի պաշտպանությունը, երեխաների լավագույն շահը, որի մասին անվերջ խոսում են բոլորը», - ասաց ծնողներից մեկը:
Դեպքից որոշ ժամանակ անց ծնողները հավաքվել էին դպրոցի բակում ու պատասխաններ պահանջում։
«Պահանջում ենք մեզ մանրամասն բացատրություն տալ՝ ինչ է կատարվել և արդյոք նրանք իրավունք ունեին էդ ձևով ներխուժել դպրոց ու երեխաներին այդ իրավիճակի հասցնել», - ասաց ծնողներից մեկը:
Ուսուցիչները հրաժարվում էին խոսել՝ պատճառաբանելով, թե քաղաքապետարանից արգելել են, ասացին, տնօրենն էլ տեղում չէ։ Փոխտնօրեն Անահիտ Խոսրովյանն «Ազատության»-ը փոխանցեց, թե ԱԱԾ աշխատակիցները դպրոց են մտել առանց նախազգուշացնելու։
«Ոչ, չենք իմացել: Երեխաների կողքով անցնելիս ասել են՝ վայելեք էս կինոն, թե վայելեք էս շոուն, տենց մի բան են ասել», - նշեց Խոսրովյանը:
Սոցիալական ցանցերում աղմուկից հետո Կրթության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ դիմել են պատկան մարմիններին պարզաբանում ստանալու համար: Կրթության նախարարությունը մտահոգվել է՝ «երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերով»։
«Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները», - նշված է հայտարարությունում:
Դեպքից ժամեր անց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ արձագանքեց դպրոցում կատարված արտառոց դեպքին։ Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի պետական մարմիններից:
Գործողությունն իրականացրած ԱԱԾ-ն լուռ է։