Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի՝ երեկ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Այս թեմայով «Ազատությունը զրուցել է քաղաքական մեկնաբան Բարիս Նավասարդյանի հետ:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Փաշինյան-Պուտին երեկվա բանակցությունների արդյունքներով որոշվել է հայ իրանական սահմանային անցակետից հանել ռուսներին: Ամիսներ առաջ ականատես եղանք նաև նույնը՝ «Զվարթնոց»-ում: Արդյոք սա ինչ-որ մեծ ծրագրի մաս է արդեն:
Նավասարդյան. - Եթե կտրենք այդ իրողությունը ընդհանուր համատեքստից, ապա կարելի է ասել, որ ավելի լավ լուր վերջին ամիսների ընթացքում մենք չենք լսել, բայց ամեն դեպքում, հաշվի առնելով շատ բարդ իրավիճակը մեր տարածաշրջանում, հայ- ռուսական հարաբերությունները և այլն, պետք է, ինձ թվում է, մի փոքր զգուշացումով մոտենանք և փորձենք մոտակա օրերին կամ շաբաթներին հասկանանք, ինչ կա սրա տակ: Օրինակ՝ մենք չգիտենք, թե ում նախաձեռնությամբ են այդ որոշումը կայացրել, քանի որ, այո, Հայաստանում բազմիցս և՛ ընդդիմադիր քաղաքական գործիչները, և՛ իմ նման փորձագետները շատ են խոսում, որ դա անհրաժեշտ քայլ է Հայաստանի կողմից ինքնիշխանություն հաստատելու և արտաքին քաղաքականության կաշկանդված այդ վիճակից հանելու համար, նաև տրանսպորտային ապաշրջափակման առումով շատ կարևոր քայլ էր: Սակայն ես չեմ լսել որևէ հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, որ նման հարց բարձրացնի, և հանկարծ նման բավականին անսպասելի շատերի համար որոշում: Ես չեմ բացառում, որ կարող է նախաձեռնողը լինել և Պուտինը: Չեմ կարծում, որ դա միայն զինվորների պակասն է ուկրաինական ռազմաճակատում. կարող է, օրինակ, լինել տարբերակ, որ Ադրբեջանը պատրաստվում է կտրուկ պահանջ ներկայացնել այդ պայմանական կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար, և Ռուսաստանը չի ցանկանում այնտեղ ունենալ նույն ներկայությունը ինչ եղել է, սա ուղղակի տարբերակ է, որը չպիտի բացառենք:
«Ազատություն». - Որ՝ «մեզ չեք տալիս այդ ճանապարհը, ինքներդ էլ գնացեք այդ հարցը լուծեք:
Նավասարդյան. - Այո: Հաջորդ հարցը, որ առաջանում է, արդյոք այդ որոշումը ենթադրո՞ւմ է, որ վերանայելու է 1992 թվականի պայմանագիրը ռուս-հայաստանյան ռուս սահմանապահների կարգավիճակի վերաբերյալ: Ենթադրվում էր, որ պիտի վերանայվի, բայց դրա մասին նույնպես առայժմ խոսք չկա:
«Ազատություն». - Որովհետև սահմանի երկայնքով էլ հայերը միանալու են արդեն Թուրքիայի կողմից էլ, Իրանի կողմից էլ:
Նավասարդյան. - Այսինքն, փոխվում է ամբողջ կարգավիճակը այդ սահմանի և այնտեղ ռուս սահմանապահների ներկայության: Եվ արդյոք դա կապված է, ասենք, այդ տրանսպորտային ապաշրջափակման հետ, թե զուտ հայ-ռուսական հարաբերության շրջանակներում է: Մի խոսքով, այդ բոլոր հարցերը կարևոր են: Եթե Հայաստանի նախաձեռնությունն է դա, ապա արդյոք ինչ-որ բան վճարում է Հայաստանը դրա դիմաց, էլի երևի մենք մոտակա օրերին կհասկանանք, օրինակ, միգուցե, եթե Հայաստանի նախաձեռնությունն է, ի պատասխան Ռուսաստանը կարող է պահանջել, որպեսզի չշարունակեն իրենց առաքելությունը, եվրոպական դիտորդները: Կամ որոշ աղբյուրներից մենք իմանում ենք, որ խոսակցություն է գնում, եթե ոչ նրանց հեռացման մասին, ապա իրենց կարգավիճակի և մանդատի փոփոխության մասին: Այսինքն, մի քիչ հետ քաշվեն սահմանից և վերահսկեն իրավիճակը ավելի խորքում՝ Հայաստանի տարածքում: Նման խոսակցություններ կան, և այդ բոլորը ձևավորում է այն համատեքստը, որն առայժմ երևի մեզ պետք է ձեռնպահ պահել ուրախանալուց:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.