Մատչելիության հղումներ

Ոչնչացման ենթակա հավի միսը՝ աղբավայրից դարձյալ պահեստ․ ՔԿ-ն զբաղվում է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ինչպե՞ս է անպիտան, ոչնչացման ենթակա հավի միսն աղբավայրից դարձյալ ներմուծող ընկերության պահեստ տեղափոխվել ու արդյոք այն խանութնե՞ր է հասել, իրավապահներն են պարզում։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հանցագործության մասին հաղորդում են ստացել, որով և զբաղվում են։ Գերատեսչությունից, սակայն, դեռ չեն հստակեցնում՝ արդյոք քրեական գործ հարուցվել է, թե՝ ոչ, պատճառաբանելով քննության շահերով։

«Պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ,ինչից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք», - փոխանցում են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)։

Աղմկահարույց դեպքի մասին ՊԵԿ-ն անցած շաբաթավերջին էր հայտնել։ Ըստ ՊԵԿ-ի՝ 13 500 կգ թռչնամիսը ոչնչացվել էր Կոտայք գյուղում։ Ներմուծված բրազիլական հավի միսը ոչ պիտանի ու ոչնչացման ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էր համարել, դրանում տեսչական մարմինը լիստերիա ախտածիններ էր հայտնաբերել։

ՊԵԿ-ից այսօր հայտնեցին, թե թաղված 13 500 կգ մսից ներմուծող ընկերությունն աղբավայրից 1 760 կգ-ը տեղափոխվել էր պահեստ․ - «Որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր»։

Ներմուծող՝ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունից, սակայն, մեղադրանքի սլաքն ուղղում են սեփական աշխատակցի վրա։ Պնդում, թե աշխատակիցը թռչնամիսը մեկ այլ վայրում բեռնաթափել է շների համար։

«Հաղորդումը ներկայացրել ենք վարորդի կողմից գողություն կատարելու, էդ ընթացքում վարորդը էդ գողացված ապրանքը, որ դատարկել էր ճանապարհին ինչ-որ մի տեղ, հետ ա բերել պահեստ։ Բերել ա պահեստ, ընկերությունում էղել ա միայն հիմնադիրը, պահեստը բացել ա, ասել ա՝ դե հիմա լցրու, արկղեր ա տվել, էս արկղերի մեջ ու տեղավորի պահեստում», - «Ազատությանն» ասաց ընկերության իրավաբան Բաբկեն Դավթյանը։

Բայց թե ինչու է ընկերության հիմնադիրը վարորդին առաջարկել աղբավայրից բերված անպիտան հավը բեռնաթափել դարձյալ պահեստում, «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության իրավաբանն ուրույն բացատրություն ունի․ - «Ամեն դեպքում, էդ ապրանքը չէինք կարա թողեինք դուրսը՝ արևի տակ, կամ թեկուզ իրիկունը, առավոտ կգայինք կտենայինք նեխած ա էլի լրիվ»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը թերահավատ է, թե ներմուծող ընկերությունը իրականությունն է ներկայացնում։

«Մենք քանի չենք բացահայտել, որ էս տնտեսվարողն անբարեխիղճ չի, իր մասին արդարացումները տանելու են նրան, որ իր անվստահելի ապրանքի նկատմամբ սպառողի մոտ վստահելիություն է ձևավորվելու, որովհետև ոչ մեկ չի ասելու՝ հա, վատ բան եմ արել, հա, հանել էի՝ ծախեի մարդկանց։ Ի՞նչ ենք կարծում՝ որևէ բիզնեսմեն կասի՞՝ հա, հանել էի հողի տակից, որովհետև ես կարծում էի՝ էդքան էլ վտանգավոր չի իմ ապրանքը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Պիպոյանը։

Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող փորձագետն ասում է՝ նման իրավիճակ չէր ստեղծվի, եթե ի սկզբանե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջարկեր այլ կերպ ոչնչացնել ավելի քան 13 տոննա թռնչնամիսը․ - «Մեթոդ, եղանակ՝ գրած ա՝ հորել-թաղել, գրած չի՝ արկղերից հանել, տոպրակներից առանձնացնել, լցնել հողի մեջ, ամեն շերտից հետո լցնել մի հատ շերտ հող, ախտահանել, ավելացնել մյուսը, էսինչ խորության վրա, այսպես, այսպես, այսպես»։

«Հարց՝սահմանափակված է՞ր օրենքով լիազոր մարմինը էդ ամեն ինչը գրելու։ Ոչ, սահմանափակված չէր։ Օրենքը պարտադրում ա՞ իրան՝ գրի, չի պարտադրում, բայց չի էլ արգելում գրի։ Հիմա մնում ա հասկանանք՝ լիազոր մարմինը ուզում ա անվտանգ լինի, ուզում ա երաշխավորի՞, թե՞ ինքը ուզում ա, որ իրան ոչ մեկ չկարանա բան ասի, որ սխալ ես արել», - ընդգծեց Պիպոյանը։

Մինչ փորձագետը պնդում է, որ ՍԱՏՄ-ը որևէ բանով կաշկանդված չէ ոչնչացման վերաբերյալ այլ եզրակացություն տալ, տեսչական մարմնից դարձյալ օրենքին են հղում անում, թե դրանում միայն հորել-թաղել է նշվում, ոչ ավելին:

Պիպոյանը չի բացառում նման դեպքերի կրկնությունը։

Իսկ թաղված ու հանված հավի պատմությունը քաղաքացիներից շատերին է հուզել։ Մարդիկ թերահավատ են ընդհանրապես խանութներում վաճառվող ապրանքների որակի ու ժամկետի հարցում, կարծում են՝ պատշաճ վերահսկողություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG