Ընդդիմությունն ու իշխանությունն այսօր խորհրդարանում միմյանց մեղադրեցին մարդասպանության և կոռուպցիայի մեջ թաթախված լինելու համար։ Իսկ առիթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուների քննարկումն էր։
Կրքերն առավելապես սրվեցին Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո, ով խոսեց ոչ թե կոռուպցիայից, այլ վարչապետ Փաշինյանի՝ արցախյան խնդրի մասին հայտարարություններից։
«Այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունը իրական հղի կնոջ հետ, սպանեց», - հայտարարեց Լևոն Քոչարյանը։
Փաշինյանը Ղարաբաղի հարցն օրեր առաջ համեմատել էր 9 ամսից ավելի տևած հղիության հետո, պնդելով, որ իր վարած քաղաքականությունը, այսինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշումը, միակ հնարավոր տարբերակն էր Հայաստանի պետականությունը պահելու համար։ Հակադարձելով Փաշինյանին՝ Լևոն Քոչարյանն ասաց՝ Արցախը ծնվել էր վաղուց և նրան պետք էր պաշտպանել այնքան ժամանակ, քանի դեռ չէր ստացել սեփական անձնագիրը։ Մինչդեռ, ըստ Քոչարյանի, Փաշինյանը սպանեց այդ երեխային՝ այդ սպանությունը համեմատելով տարիներ առաջ վարչապետի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան դեպքի հետ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անցավ հակահարձակման՝ ամբիոնին մոտենալով Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք սպանված դաշնակցական Պողոս Պողոսյանի լուսանկարը ձեռքին. - «Սա Պողոս Պողոսյանն է, որը մեր հարգարժան պատգամավոր Լևոն Քոչարյանի հորը անունով դիմելու համար զուգարանում ծեծվել և սպանվել է: Կարծում եմ, երբ որ կոռուպցիայից ու մարդ սպանելուց են խոսում, այս կտորը պետք է դուրս գա ու ձև անի, որ ինքը որևէ կապ չունի այս քննարկվող թեմայի հետ: Հյուսիսային պողոտայի տները, տարածքները Արցախից էիք բերե՞լ»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ ցույց տալու համար, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը «ոտքից գլուխ թաթախված կոռուպցիայի մեջ», հերթով ներկայացրեց պաշտոնյաներին վերագրվող կոռուպցիայի մասին հրապարակումները։ Բերեց Վեդու քաղաքապետ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի օրինակը, ում հարազատ քեռին 100 միլիոնավոր դրամների տենդերներ է շահում։
Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց մամուլի մեկ այլ հրապարակում, համաձայն որի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը 40 հեկտար հող է գնել, որի համար բանկից 1.5 միլիարդ դրամի վարկ է ստացել, պետությունից էլ՝ 102 միլիոն դրամի սուբսիդավորում։
«Սիրելի հայրենակից, որ դու գնաս բանկ, ասես՝ 1.5 միլիարդ չէ, 1.5 միլիոնի վարկ ես ուզում, քեզ էդպես հեշտ վարկ կտա՞ն, իհարկե չեն տա, որովհետև դու Արմեն Փամբուխչյանի հայրը չես», - նշեց պատգամավորը։
Աննա Գրիգորյանի ներկայացրած մեկ այլ դրվագ էլ վերաբերում էր Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, ով 2021 - ին ստացել է 1 միլիոն դոլարի անտոկոս փոխառություն։
Ի դեպ, նախարարին վերագրվող այս դեպքով մի խումբ փաստաբաններ երեկ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահն էլ հակադարձեց՝ մեծ թվով տենդերներ է շահում Քոչարյանների խնամին։ Ապա Վահագն Ալեքսանյանը խոսեց ընդդիմադիր պատգամավորի ընտանիքին պատկանող բիզնեսի մասին։
«Էդ իմ ընտանիքը չի ՀԷԿ-ի թույլտվություն ստացել, Ձեր ընտանիքն է ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստացել», - նշեց Ալեքսանյանը:
Փոխադարձ մեղադրանքների այս մթնոլորտում էլ խորհրդարանն այսօր ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր անդամին՝ 46-ամյա Արմեն Մարուխյանին։ Վերջինս երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, եղել է դատախազ, ապա 7 տարի զբաղեցրել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետի պաշտոնը։ Աշխատանքից ազատվել էր վերջերս, ինչպես այսօր բացատրեց՝ լճացել էր նույն պաշտոնում և տեղը ցանկացել է զիջել երիտասարդներին։ Մինչդեռ մամուլը գրում էր, որ նրան իրականում թերացումների համար պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։