Մատչելիության հղումներ

«Հղիությունը ևս 9 ամսով երկարացնելը աբսուրդ մոտեցում է». Փաշինյանը Արցախի հարցը համեմատեց հղիության հետ


«Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, Ղարաբաղը ի՞նչ ա բա». - վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակի քննարկմանը Արցախի հարցը համեմատեց հղիության հետ։ Նկատի ունենալով Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը, Արցախը Ադրբեջանի կազմում դեռ 2022-ին ճանաչած Փաշինյանը պնդեց՝ հղիությունը ևս 9 ամսով երկարաձգելն անիմաստ էր։

«9 ամիս անց պետք ա մի որևէ բան տեղի ունենա՝ պետք ա կա՛մ ծնվի երեխան, կա՛մ պետք ա չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով կամ սրանից բխող: Կա՛մ կեսարյան հատումով պետք ա ծնվի, կա՛մ բնական ճանապարհով պետք ա ծնվի, կա՛մ կենդանածին պետք ա լինի, կա՛մ մեռելածին պետք ա լինի, կա՛մ տղա պետ ա լինի, կա՛մ աղջիկ պետք ա լինի... Էն բանը, որ մենք էս հղիությունը պետք ա ևս 9 ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է», - հայտարարեց Հայաստանի ղեկավարը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հակադարձում է Ղարաբաղի հարցը հղիության հետ համեմատող Նիկոլ Փաշինյանին. - «Ինքը մոռացավ մի ուրիշ դեպք էդ 9 ամսվա հետ կապված ասել, երբ որ քացով կարող են հղի կնոջը խփեն, և կինը վիժի, ինչպես Նիկոլ Փաշինյանը արեց և վիժեցրեց ու կործանեց Արցախը»:

Ղարաբաղի հարցում «իմ վարած քաղաքականությունը միակ հնարավոր տարբերակն էր»

Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հարց էր տալիս՝ որքանո՞վ էր Ղարաբաղի հարցում իր վարած քաղաքականությունը ճիշտ կամ սխալ։ Վարչապետը պնդեց՝ եթե ինքը կրկին ձգձգեր ղարաբաղյան հարցի լուծումը, կամ, իր ձևակերպմամբ, պայմանական հղիությունը ևս 9 ամսով երկարացներ, ապա այդ քաղաքականությունը կարելի էր համարել սխալ։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր քաղաքականությունն, ըստ Փաշինյանի, ոչ թե ճիշտ էր կամ սխալ, այլ միակ հնարավոր տարբերակն էր, որը պետություն ունենալու շանս էր տալիս։

«Ես երկու տարի առաջ այս ամբիոնից հայտարարել եմ, ասել եմ՝ եթե մեզ հաջողվի մեկ-երկու տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ մենք առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում։ Եվ ահա երկու տարի անց ես կանգնած եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ամբիոնին որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և պիտի այդպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է։ Բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը», - հայտարարեց վարչապետը։

«Ամեն ինչ փակուղի մտցնող, ամեն ինչ կործանող, ամեն ինչ տապալող՝ Արցախից սկսած մինչև պետական համակարգ, մինչև երկրի անվտանգություն, մինչև բանակ, մարդը, բնականաբար, պետք է փորձի պատեպատ իրեն տալով ինչ-որ արդարացումներ գտնի», - «Ազատության» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին հակադարձեց Գեղամ Մանուկյանը:

Փաշինյանը պետականությունը պահելու ռազմավարական խնդիրը լուծված է համարում

Չնայած Փաշինյանը պետականությունը պահելու հնարավորություն ձեռք բերելու ռազմավարական խնդիրը լուծված է համարում, այնուամենայնիվ, նշում է, թե պետք է զգուշորեն անցնել դեռևս ականապատ դաշտի միջով և հասնել այն հանգրվանին, որը հնարավորություն կտա երաշխավորել պետության լինելիությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում։

«Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում», - հայտարարեց վարչապետը։

«Հոգնել ենք, մարդը ամեն օր, իրեն մեսիա կարծելով, ինչ-որ ցնդաբանություններ է դուրս տալիս», - նշեց Գեղամ Մանուկյանը:

Ընդդիմությունից հիշեցնում են՝ պետականության պահապնման մասին խոսող Փաշինյանը մոռանում է, որ հենց այս պահին Ադրբեջանն օկուպացված է պահում Հայաստանի ինքնշխան տարածքները։

«Նշանակում է՝ պետականությունը վտանգի տակ է՝ ի՛ր պատճառով, իրե՛նց պատճառով, իրենց քաղաքականությա՛ն պատճառով», - ընդգծեց Մանուկյանը:

«Ազգ-բանակ» գաղափարախոսությունից պետք է հրաժարվել»

Փաշինյանի համոզմամբ, մինչդեռ, երկու տարի առաջ ունեցած մարտահրավերների զգալի մասը դարձել է էականորեն ավելի կառավարելի, իսկ ի հայտ եկած նոր խնդիրները կառավարելու համար անհրաժեշտ է հաղթահարել «ազգ-նահատակ» և «ազգ-բանակ» բանաձևերը։

Չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի «ազգ-նահատակ» ասելով, Փաշինյանն ասաց, թե անցած վեցուկես տարիների ընթացքում ինքն այն տպավորությունն է ստացել, որ աշխարհը Հայաստանին ընկալում է որպես ազգ նահատակ, որի շարունակությունն էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին առաջ քաշված «ազգ-բանակ» գաղափարախոսությունն է։

«Եթե դու դիրքավորվում ես որպես «ազգ- բանակ», անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը, բայց էլի ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, ուժեղ ումի՞ց՝ քանի՞ բանակից պետք է ուժեղ լինենք», - ասաց վարչապետը։

Սեր Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի պատգամավորները հակադարձում են Փաշինյանին՝ «ազգ-բանակ» բանաձևը նպատակ ուներ հասարակության աջակցությամբ այնպիսի բանակ կառուցել, որը հնարավորություն կտար դիմագրվել սպառնալիքներին:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակացության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ հարցնում է՝ ինչո՞ւ Փաշինյանը չի խոսում, թե ում քայլերի հետևանքով է ստեղծվել «ազգ-նահատակի» իմիջը։

«Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ խոսողի ղեկավարած երկրում 20 թվականին ավերիչ պատերազմ եղավ, հազարավոր մարդիկ զոհվեցին, հետո Հայաստանի դեմ Ադրբեջանը երեք տարի շարունակ տարբեր փուլերով ագրեսիայի դիմեց, որի հետևանքով մեր երկիրը տարածքներ կորցրեց: Եվ վերջապես ո՞ւմ գործունեության հետևանքով Արցախի ադրբեջանացման հիմքը դրվեց, իսկ հետո նրա իսկ հանցավոր լռությամբ ամբողջությամբ օկուպացվեց», - ընդգծեց Աբրահամյանը:

Ընդդիմադիր գործիչը տարօրինակ է համարում, որ գրեթե յոթ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը մինչև օրս չգիտի, թե որ երկրի բանակից պետք է Հայաստանը ուժեղ բանակ ունենա, և դեռ փնտրտուքի մեջ է։

«Արտագաղթի գլխավոր պատաճառները սոցիալական կամ իրավական չեն»

Փաշինյանն, ի դեպ, արտագաղթի խնդիրը ևս կապեց Հայաստանի կոնֆլիկտային հարաբերությունների հետ՝ պնդելով՝ արտագաղթի գլխավոր պատաճառները, ոչ թե սոցիալական կամ իրավական են, այլ 90 տոկոսով կապված են տարածաշրջանում Հայաստանի վարած քաղաքականության հետ։

«Արտագաղթի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-րդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG