Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները «բարձր մակարդակով» են կատարել իրենց խնդիրները. Նիկիֆորով


Ռուս խաղաղապահները, արխիվ
Ռուս խաղաղապահները, արխիվ

ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Եվգենի Նիկիֆորովը կարծիք է հայտնել, թե ռուս խաղաղապահները «բարձր մակարդակով» են կատարել իրենց խնդիրները։ Ռուս բարձրաստիճան զինվորականն այդ մասին հայտարարել է այսօր՝ Լեռնային Ղարաբաղից ռուսական զորախմբի դուրսբերմանը նվիրված հանդիսավոր արարողությանը։

Ադրբեջանական կողմի կազմակերպած միջոցառումը տեղի է ունենում Խոջալուի օդանավակայանում։ Դրան մասնակցում են ադրբեջանցի և ռուս բարձրաստիճան զինվորականներ։

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն էլ հայտարարել է, որ «ռուս խաղաղապահները նպաստել են Ղարաբաղում կայունության ապահովմանը»։

ԱՊԱ գործակալությունը փոխանցում է, որ հանդիսավոր միջոցառման ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը պարգևատրվել է ռուսական «Մարտական արիության համար» շքանշանով: Կուլակովը զորախմբի հրամանատար է նշանակվել Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերյան լայնածավալ հարձակումից մի քանի շաբաթ առաջ՝ Արցախի շրջափակման ութերորդ ամսում:

  • Հայաստանը խաղաղապահ առաքելությանը մեղադրում է Լեռնային Ղարաբաղում 10 ամիս և դրանից առաջ անգործություն դրսևորելու, Արցախի բնակչությանը չպաշտպանելու համար։
  • Ավարտված համարելով խաղաղապահ առաքելությունը՝ 2024-ի ապրիլի կեսերից մեկնարկեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը նախատեսված ժամկետից շուտ Ղարաբաղից դուրս բերելու գործընթացը։
  • Ապրիլի 26-ին փակվեց հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG