Զոհված զինծառայողների մի խումբ ծնողներն այսօր «Եռաբլուրում» են լուսացրել, որ վարչապետ Փաշինյանին ու նրա թիմակիցներին արգելեին մոտենալ զինվորների շիրիմներին։ Երրորդ տարին է՝ ծնողներն այսպես են իրենց բողոքը հայտնում։
«Եռաբլուրի» կողմից մերժված են, տղաների, մեր չէ, մեզ շատ հեշտ կարան փակեն, տանեն, բա տղաներին ի՞նչ են անելու։ Վախեցած, սպասում է՝ ծնողները գնան, նոր գա», - ասաց ծնողներից մեկը։
Անկախության օրը բազմամարդ էր «Եռաբլուրը», զոհվածների հարազատների հոսքը չէր դադարում։ Մինչև օրվա վերջ իշխանականներն այդպես էլ «Եռաբլուրում» չերևացին։ Ակցիայի մասնակից ծնողները կեսօրից հետո հեռացան։
Բագրատ սրբազանը, որ մայիսից փողոցում պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վաղ առավոտյան էր «Եռաբլուր» եկել։ Համախոհների հետ Հայաստանի օրհներգը երգեցին, այցելեց զոհվածների գերեզմաններին։
«Այո պետք է ընդունել մեր պարտված լինելը, բայց ոչ մեր տղաների, որոնք հաղթանակի տեսիլքով են գնացել, բայց այդ զգացումները տեղ չպիտի ունենան մեզ հետ իրենց այցելելու ժամերին, այլ հակառակը՝ պետք է լինեն ուխտ, նվիրում, ձգտում, մղում, ինքնամաքրում, ինքնասրբագրում, ինքնասրբագործում, զղջում, ապաշխարություն, մեծ իմաստով ամոթ, որ դեռ մենք գտնվում ենք այս վիճակում», - հայտարարեց նա։
Անկախությունը թղթի վրա գրվածը չէ, ամենօրյա պայքար է, մաքառում, ասաց Բագրատ սրբազանը։ Արցախն էր անկախության հիմքը, ովքեր Արցախի կորուստը կհամարեն իրական անկախության օր, «ուրացող են», ասաց Բագրատ արքեպիսկոպոսը՝ ակնարկելով Փաշինյանի թիմակիցներին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր ասել՝ Հայաստանի իրական անկախության օրը սեպտեմբերի 19-ն է՝ նկատի ունենալով Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակման օրը։
Անկախության օրվա առթիվ տոնական միջոցառումներ չկան 44-օրյա պատերազմից հետո։ Նախագահականում պարգևատրման արարողություն է, այսօր էլ իշխանությունը Բաղրամյան 26-ում է եղել։
Վարչապետ Փաշինյանը կարճ տեսանյութ էր հրապարակել սոցիալական ցանցերում, թե ինչպես անկախացավ Հայաստանը, բայց Ղարաբաղյան շարժման մասին ոչ մի հիշատակում։
Ռուսաստանի հետ սրված հարաբերությունների այս փուլում Փաշինյանն իր ուղերձում գոհունակությամբ նշել է՝ երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ:
«2018թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա: Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020թ. անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն», - ասված է նրա ուղերձում:
Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել իրենց ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել են, ու ասում է՝ դեռ կշարունակեն գործել, որովհետև մարդը սխալական է:
Ազգային ժողովից ընդդիմադիրներն էին Եռաբլուրում։
«Անկախության մասին խոսում է մի մարդ, որը զրկել է մեզ Արցախից և նաև այսօր այնպիսի պայմաններ է ստեղծել, որ մեզ պարտադրում են և ամեն ինչ անում են, որ մենք ունենանք շատ տկար անկախություն, շատ տկար ինքնիշխանություն», - լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Պատգամավորը վարչապետ Փաշինյանին մեղադրեց մայիսյան ու սեպտեմբերյան օրերը տոնականից ցավոտ դարձնելու համար։ Այդուհանդերձ, անկախությունը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն ու արժեքն է, ասաց նա. - «Ցավը մեծ է, բայց այդ ցավը պետք է մի կողմ դնել, դրանից հետևություններ անել ու շարունակել պայքարը, որովհետև անհրաժեշտություն է, որ Հայաստանը լինի անկախ»։
Կաթողիկոսն էլ այսօր «Եռաբլուր» չէր եկել։ Մայր աթոռից հոգևորականներն այցելել էին առանց Գարեգին Երկրորդի։ Առաքելական եկեղեցու առաջնորդն իր ուղերձում խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին ու միասնության կոչ արել։