Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահին հղած ուղերձում Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսին և Հայաստանին կապում են ամուր բարեկամական կապերը, ընդհանուր պատմությունը։
Նա վստահություն է հայտնել, որ ստեղծված պայմաններում գոյատևելու և հաջող զարգանալու համար անհրաժեշտ է համախմբվել և համագործակցել։
Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս էլ ասել էր, որ Բելառուսը կցանկանար վերադարձնել բարի հարաբերությունները Հայաստանի հետ։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի այցելելու Բելառուս, քանի դեռ այդ երկրի ղեկավարը Լուկաշենկոն է։ Փաշինյանի հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Լուկաշենկոյի Բաքու կատարած այցի ժամանակ հայտնի դարձավ, որ մինչև 2020 թվականի պատերազմը նա Ալիևի հետ քննարկել էր ադրբեջանական կողմի հաղթելու շանսերը։
Մինչ այս բացահայտումը հայտնի էր, որ Բելառուսը Ադրբեջանին զենք վաճառող երկրներից մեկն է։