Մատչելիության հղումներ

Ուկրաինան կկանգնեցնի Պուտինին. Բայդեն


ԱՄՆ - ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը, Վաշինգտոն, 9-ը հուլիսի, 2024թ.
ԱՄՆ - ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը, Վաշինգտոն, 9-ը հուլիսի, 2024թ.

«Պուտինը ցանկանում է աշխարհի երեսից ջնջել Ուկրաինան»

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում առանցքայինն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու թեման է: Դիմավորելով գործընկերներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հավաստիացրել է, որ 32 պետությունների դաշինքն անվերապահորեն սատարում է ռուսական ագրեսիայից պաշտպանվող երկրին, ավելին՝ համոզված է, որ Ուկրաինան կհասնի հաջողության:

«Չկասկածեք՝ Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին: Դա կլինի շնորհիվ մեր հավաքական աջակցության, նրանք ունեն այդ աջակցությունը», - հայտարարել է Բայդենը:

40 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

ՆԱՏՕ-ի լիդերները քննարկելու են 2025-ի ընթացքում Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու՝ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի առաջարկը:

Բայդենն իր ուղերձում ասել է, թե Ռուսաստանը մեկ նպատակ է հետապնդում՝ Ուկրաինան ջնջել աշխարհի երեսից:

«Միացյալ Նահանգները հոգ կտանի, որ հակաօդային պաշտպանության այդ կարևորագույն կայանքները հասնեն ռազմաճակատ», - ընդգծել է Բայդենը:

Ռուսաստանի ներկայացուցչի «հրեշավոր մեկնաբանությունը»

Երեկ Ուկրաինայում սուգ էր, դրոշները կիսով չափ իջեցրել էին նաև Կիևում մի շարք օտարերկրյա դեսպանատներ: Ամբողջ Արևմուտքը դատապարտել է այդ հարձակումը, մինչդեռ Ռուսաստանը սովորության համաձայն, կտրականապես հերքում է մեղադրանքը՝ պնդելով, որ ռուսները քաղաքացիական շենքեր չեն թիրախավորում, ուրեմն հիվանդանոցին ուկրաինական հրթիռ է հարվածել:

Ընդ որում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բավական զարմանալի փաստարկ է հնչեցրել Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան. - «Հասկանո՞ւմ է Ուկրաինայի ներկայացուցիչը, որ եթե դա ռուսական հրթիռ լիներ, շենքից բան չէր մնա, և չափահասներն ու երեխաները բոլորը կզոհվեին, այլ ոչ թե կվիրավորվեին»:

Այդ հայտարարությունը զայրացրել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցային:

«Նեբենզյայի մեկնաբանությունը հիվանդանոցն ամբոջությամբ ոչնչացնելու հնարավորության մասին պարզապես հրեշավոր է», - ասել է Կիսլիցան:

75 տարվա պատմությամբ ամենահզոր ռազմական դաշինքը

Պետական այրերն արդեն սկսել են դռնփակ քննարկումները, մինչդեռ Վաշինգտոնում գագաթնաժողովին զուգահեռ այսօր սկսվել են հանրային քննարկումները, որոնց մասնակցում են փորձագետներ, վերլուծաբաններ, բանախոսների թվում են գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ և բարձրաստիճան զինծառայողներ:

Առաջինը հարցերին պատասխանել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը: Նա ասել է, որ 75 տարի առաջ ստեղծելով դաշինքը՝ հիմնադիր պետություններն ամրագրել են ամենակարևոր սկզբունքը, որն արտահայտվել է 5-րդ հոդվածով՝ հարձակումը մեկ անդամի վրա հավասարազոր է հարձակման ամբողջ դաշինքի վրա:

«75 տարի շարունակ այդպես է, սա արդի աշխարհում ամենահզոր երկար պատմությունն ունեցող ամենահզոր միությունն է, որին ցանկանում են միանալ այլ երկրներ», - ասել է Բլինքենը: Նրա խոսքով՝ Ուկրաինան կստանա անհրաժեշտ օգնությունը: Պետքարտուղարը նաև Կիևի համար մի կարևոր և երկար սպասված լուր է հայտնել:

Ուկրաինա F-16 օդանավերի փոխադրումն արդեն սկսվել է

«Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, իրականացվում է Ուկրաինա առաջին F-16-ների փոխադրումը, դրանք ուղարկվում են Նիդերլանդներից, Դանիայից, դրանք այս ամռանն արդեն կհաjտնվեն Ուկրաինայի երկնքում», - ասել է Էնթոնի Բլինքենը:

Վաշինգտոնում գտնվող նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս իր երկրի համար կարևոր այդ տեղեկության կապակցությամբ տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին.

«Երկրորդ օրն է Վաշինգտոնում ենք, շարունակում ենք աշխատանքը, շատ շուտով որոշումներ կլինեն օդանավերի մասով, իսկ երեկ պայմանավորվել ենք, որ կստանանք նոր ՀՕՊ-եր, այդ թվում` Patriot տեսակի հինգ համակարգ», - ասել է Զելենսկին:

«Երբ տեսնում ես զոհված երեխաներին, ուզում ես սպանել Պուտինին»

Ռուսներն անցած գիշեր 4 կառավարվող ավիացիոն հրթիռներով, մեկ «Իսկանդեր»-ով և «Շահեդ» տեսակի 20 անօդաչուներով հարվածներ են հասցրել Ուկրաինային: ՀՕՊ-ը դրանց մի մասը վնասազերծել է, սակայն մի քանիսը հասել են Օդեսայի շրջան, կան ավերածություններ, զոհեր:

Վաշինգտոնում Զելենսկուն հարցրել են, թե ինչպե՞ս է նա ընկալում ռուսական գրոհները որպես ոչ միայն պետության նախագահ, այլև մարդ և երեխաների հայր:

Զելենսկին խոստովանել է, որ դա անտանելի ծանր է, պատմել է վշտի մասին, որն իրեն համակել է, երբ ռուսները հարվածներ են հասցրել մանկական կլինիկային, որտեղ բուժում են ստացել նաև քաղցկեղով հիվանդ երեխաները:

«Երբ տեսնում ես այդ ծնողներին, երբ տեսնում ես զոհված երեխաներին, ուզում ես սպանել Պուտինին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:

«Դաշնակիցները կողմ են, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին»

Այսօրվա նիստից առաջ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն ժամկետների մասին առայժմ խոսել հնարավոր չէ:

ՆԱՏՕ-ն կազմում է օգնության փաթեթ հինգ կարևոր բաղադրիչներով՝ դաշինքի հրամանատարության ներկայացուցչության տեղակայում Ուկրաինայում, երկարատև կտրվածքով օգնություն, անհապաղ քայլեր ՀՕՊ համակարգն ամրապնդելու ուղղությամբ, երկկողմ համաձայնագրեր և փոխօգնություն:

«Այն, ինչ կարող եմ հիմա ասել, հետևյալն է՝ մենք Ուկրաինայի հետ միասին անում ենք քայլեր, որոնք Ուկրաինան ավելի են մոտեցնում ՆԱՏՕ-ին», - ասել է Ստոլտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG