Երեք ժամից ավելի հրշեջներին չէր հաջողվում մարել «Դոմուս» հիպերմարկետի հրդեհը։ Շուրջ 3000 քառակուսի մետր տարածք կրակի մեջ էր։ Ըստ իրավապահների՝ տուժածներ ու զոհեր չկան։
Նախնական վարկածով հրդեհի բռնկման պատճառը հոսանքի տատանումն է, լրագրողներին ասաց Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Տեղեկությունը խանութից են փոխանցել։
«Հրդեհը նախնական տեղեկության, ըստ աշխատակիցների, առաջացել է էլեկտրական հոսանքից: Իրենք փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, նոր զանգել են հրշեջ փրկարարական ծառայություն: Ըստ աշխատակից, հոսանքը գնացել է, եկել ու բռնկվել է», - ասաց Ցուցուլյանը:
Հիպերմարկետի տանիքին արևային էներգիայի համակարգ էր տեղադրված, ինչի պատճառով, ըստ Ցուցուլյանի, հրդեհի մարումը դժվարանում էր. «Ամբողջությամբ արևային համակարգ է տեղադրված, դրա համար հրդեհաշիջումը դժվարացավ»:
Կրակը պարբերաբար բռնկվում էր ու վառվում էր հիպերմարկետի ապրանքը՝ կահույք, կենցաղային տեխնիկա, շինանյութ։ Ժամեր շարունակ Իսակովի պողոտայի այդ հատվածը սև ու տհաճ հոտով ծխի մեջ էր։
Հրդեհի մասին ներքին գործերի նախարարություն ահազանգել են ժամը 13։00-ի սահմաններում։ Դեպքի վայրում 17 մարտական հաշվարկ էր աշխատում, լրացուցիչ ուժեր էին ավելանում։ Հրդեհը հաջողվեց մարել մոտ երեք ժամ անց:
Ընկերությունից որևէ պարզաբանում չեղավ։ Որևէ ներկայացուցիչ լրագրողների հետ չխոսեց։ Իսկ ի՞նչ վիճակում էր հսկայական հիպերմակետի հրդեհային անվտանգության համակարգը։ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կպարզի տարեվերջին։ Այսօր հայտարարեցին, թե ստուգումը նախատեսված է այս տարվա չորրորդ եռամսյակում, իսկ մինչ այդ վերահսկողական գործառույթներ չեն իրականացրել։