Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում:
ԳՆԳ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս պահի դրությամբ տուժածներ չկան, իսկ հրդեհի պատճառները, նրա խոսքով, հայտնի կլինեն միայն փորձաքննությունից հետո։
«Հրդեհն այս պահին 2500-ից 3000 քառակուսի մետր տարծքի վրա է և փրկարար ծառայության 17 մարտական հաշվարկ է աշխատում, օպերատիվ 5 մեքենա, երկու ավտոսանդուղք, քաղաքապետարանի հինգ ջրատար մեքենա և դեռ օգնության են հասնում այլ մարտական հաշվարկներ, դեռ հրդեհաշիջում է իրականացվում», - ասաց Սարգսյանը՝ նշելով, որ հրդեհը, նախնական տվյալներով սկսել է պահեստային տարածքից, ապա տարածքվել նաև խանութի տարածք։
«Այրվում է կահույք, տեխնիկա, շինանյութ», - նշեց Սարսգյանը։
Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ, ըստ խանութի աշխատակիցների, հրդեհի նախնական պատճառը հոսանքն է եղել։
ՆԳՆ փրկարար ծառայությունն ավելի վաղ նշել էր, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարական ջոկատների 10 մարտական հաշվարկ։