Ռուսաստանի գլխավոր դատախազությունը եվրոպական վերլուծական The European Leadership Network-ին (ELN) «անցանկալի» կազմակերպություն է ճանաչել։
Գերատեսչությունը պնդում է, որ ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող կառույցը քարոզչություն է իրականացնում ՆԱՏՕ ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև խթանում է «հակառուսական օրակարգը»։
ELN կայքում նշվում է, որ այն բարեգործական կազմակերպություն է, հիմնադրվել է 2011-ին, գրանցված է Ուելսում։ ELN-ն անկախ համաեվրոպական ցանց է, որը միավորում է ավելի քան 450 բիզնեսի, դիվանագիտական և ռազմական ոլորտի ներկայացուցիչների, որոնք զբաղվում են քաղաքականության և անվտանգության ոլորտներում խնդիրների գործնական լուծումների մշակմամբ։ Կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ադամ Թոմսոնն է։
«Ազատության» ռուսական ծառայությունը նշում է, որ երկրում ավելի քան 200 օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունն անցանկալի է ճանաչվել։ Սա նշանակում է, որ նրանց գործունեությունն արգելվում է Ռուսաստանում և այդ կազմակերպությունների հետ համագործակցող անձանց նկատմամբ հետապնդումը չի բացառվում։