Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Արաղչին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերից են խոսել


Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ հայկական կողմի՝ նրանք խոսել են երկկողմ օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին։

Երկու հարևան երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև առաջիկա միջոցառումները: Սակայն, հաղորդագրության մեջ մանրամասներ չկան, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը, արդյոք քննարկվել է տարածաշրջանում ապաշրջափակման հարցը։

Իրանական կողմը զրույցի մասին դեռ չի հաղորդել։

Պաշտոնական Թեհրանը տևական ժամանակ պաշտպանում է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում և Ադրբեջանից հնչող սպառնալիքներին ֆոնին պնդում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն թույլ չի տա։

Նախորդ շաբաթ՝ «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի ժամանակ Հայաստանում Իրան դեսպանն ընդգծել էր՝ Թեհրանը ողջունում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, սակայն կարծում է, որ ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի տվյալ երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու վերահսկողության ներքո։

XS
SM
MD
LG