Մատչելիության հղումներ

«Միջուկային էսկալացիայի վտանգը ցածր է»․ ըստ փորձագետի՝ ՌԴ-ն ՆԱՏՕ-ին նյարդայնացնում, բայց ուղիղ առճակատումից խուսափում է


Պաշտպանության և անվտանգության ոլորտի փորձագետ Գուստավ Գրեսելն «Ազատության» տաղավարում զրուցում է Հրայր Թամրազյանի հետ, 24-ը նոյեմբերի, 2024թ․
Պաշտպանության և անվտանգության ոլորտի փորձագետ Գուստավ Գրեսելն «Ազատության» տաղավարում զրուցում է Հրայր Թամրազյանի հետ, 24-ը նոյեմբերի, 2024թ․

Միջուկային էսկալացիայի վտանգը դեռ բավականին ցածր է, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության և անվտանգության ոլորտի փորձագետ Գուստավ Գրեսելն՝ անդրադառնալով ՌԴ թիրախներին ամերիկյան զենքով հարվածելու ԱՄՆ-ի թույլտվությանը և ի պատասխան Ռուսաստանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների կիրառմանը։

Ընդգծելով, որ, այո՛, Ռուսաստանը սպառնում է թիրախավորել ՆԱՏՕ-ի օբյեկտները և այդ սպառնալիքները նոր չեն, դրանք եղել են դեռ 2005 թվականին, երբ ամերիկացիները որոշել են ռազմաբազաներ բացել Լեհաստանում և Ռումինիայում՝ փորձագետը նկատում է՝ եթե Ռուսաստանն իրականում միջուկային զենք օգտագործեր ՆԱՏՕ-ի դեմ, դա կնշանակեր միջուկային պատերազմ ՆԱՏՕ-ի հետ, բայց ներկա վիճակում, ըստ Գրեսելի, դա միայն կհանգեցներ Ռուսաստանի ինքնաոչնչացմանը:

«Եթե նկատել եք, նրանք եղանակներ են փնտրում ՆԱՏՕ-ին ամեն կերպ նյարդայնացնելու համար։ Սրանք են դիվերսիաները, փաթեթներ ինքնաթիռներում, մալուխների վնասումը ինչ-որ վարձակալված չինական նավի կողմից և այլն: Այս ամենը դաշինքին նյարդայնացնելու, բայց ուղիղ առճակատումից խուսափելու միջոցներ են։ Եվ այս գործելաոճը կմնա առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։ Մինչ պատերազմը շարունակվում է, Ռուսաստանը կարող է միայն մեկ ռազմաճակատ ունենալ։ Այն չի կարող միաժամանակ մի քանի պատերազմ վարել», - ասաց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG