Մատչելիության հղումներ

«Մեզ ոչինչ չեն ասում». մեկ տարի անց Ստեփանակերտի պայթյունի հարցերը դեռ օդում են


Մարուսյա Սահակյանն ընդամենը 34 տարեկան է, 5 երեխաների հետ ուղիղ մեկ տարի առանց ամուսնու։ Գրիգորի Սահակյանը Հայկազովի բենզինի պահեստ էր գնացել՝ ընտանիքի փրկության համար բենզին բերելու։

Գրիգորի Սահակյանի կինն ու դուստրը
Գրիգորի Սահակյանի կինն ու դուստրը


Գրիգորիի մարմինը սեպտեմբերի 25-ից սկսած երկար փնտրել են պայթյունի վայրում, Ստեփանակերտի հիվանդանոցներում ու դիահերձարաններում, չկար։ Զանգ են ստացել արդեն Երևանում հոկտեմբերի 8-ին։

Հետո դժոխքի հաջորդ փուլն էր։ Ընտանիքը, Գրիգորիի մայրը, որ 44-օրյա պատերազմում կորցրել էր նաև կրտսեր որդուն՝ հետախույզ Սասուն Սահակյանին, ու շիրմաքարը հետը Երևան տեղափոխել, ցանկանում էին եղբայրներին հուղարկավորել «Եռաբլուր»-ում, Գրիգորին 24 տարվա զինվորական էր, ավագ ենթասպա ՀՕՊ զորքերում։ Երկու մետր հող «Եռաբլուր»-ում չգտնվեց, թեպետ այնտեղ պայթյունի հետևանքով մահացած նույնիսկ ոչ զինվորականներ են հուղարկավորվել, ասում է Գրիգորիի մայրը։


«Պատերազմի շարունակությունն է պայթյունը, հենց այնպես պայթյուն երևի չէր լինի՝ եթե պատերազմ չլիներ, տարհանման թեման չլիներ, եթե բենզինի կարիք չլիներ, ինչո՞ւ պիտի հավաքվեր ամբոխն այնտեղ, և այդ պայթյունը տեղի ունենար», - նշում է Անժելա Ասրյանը։

4 ամիս Գրիգորիի մարմինը մնաց դիահերձարանում, ի վերջո հուղարկավորեցին Նուբարաշենի գերեզմանատանը։ Գրիգորիի փոքրիկ աղջիկը 8 տարեկան է, օրագիր է պահում՝ ամեն մի նախադասության մեջ հայրն է։

Պայթյունի հետևանքով մահացած ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն, իրենց համար պետական որևէ ծրագիր չկա։ 5 անչափահասների հետ մենակ մնացած Մարուսյան բոլոր տեղահանվածների համար նախատեսված բնակվարձի գումարով մի փոքրիկ տուն է գտել, ու փորձում են ապրել միայն նպաստով։
«Մինչև հիմա էլ ոչ մեկն ասես չի խոսում դրա մասին, ոչ մի արդարացում, ցավակցական որևէ բան», - նկատում է նա։

Ողբերգական պայթյունը 219 հոգու կյանք խլեց, շուրջ 300 հոգի վիրավորում ստացավ, 22 արցախցի մինչև այժմ անհետ կորած է։

«Այս հարցով մի քանի անգամ նաև փորձ է կատարվել Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու՝ նոր որոնողական աշխատանքներ պայթյունի վայրում իրականացնելու համար։ Կարծես թե, որոշակի համաձայնություններ ձեռք էին բերվել, բայց ամեն անգամ Ադրբեջանը վերջին պահին չի պահել», - ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Արցախի օմբուդսմենին պարբերաբար անհետ կորածների հարազատներն են դիմում, հորդորում մի բան անել ՝ կորածների ճակատագիրը պարզաբանվի։

Արեգա Ոսկանյանի որդին՝ 41-ամյա Ասլանը մեկ տարի է՝ չկա։ Մարմինը պայթյունի վայրում չի գտնվել, ԴՆԹ նույնականացում չկա։

«Իրենից ոչ մի բան չի գտնվել, ձեր գործած մեղքն է, որ այսօր այսքան ծնողներ սգում են իրենց երեխաների համար», - ասում է մայրը։

Անհետ կորածների ծնողները տարբեր տեղեկություններ են ստանում, գլխավորն ու այդպես էլ չճշտվածն այն է, որ այրվածքներ ստացած որոշ քաղաքացիներ Ադրբեջանի հիվանդանոցներ են տեղափոխվել։

Մեկ տարի անց էլ «մեզ ոչինչ չեն ասում», շեշտում է Արեգա Ոսկանյանը, որ նաև հարցեր ունի՝ ինչո՞ւ եղավ պայթյունն, ու ինչու պատասխանատուներ մինչև այժմ չկան. - «Փրկարար ծառայությունը, նախարարությունը, մեկ էլ նախագահն այդ պահին եղել են Ստեփանակերտ քաղաքում, բայց ինչո՞ւ է այդպիսի բացթողում եղել»։

«Մի արգելափակոց դնեիք պահեստի մուտքի մոտ», մեքենաները հերթով մոտենային, ի վերջո այդ բենզինը «բաժանեիք լցակայաններին՝ մարդիկ այնտեղից օգտվեին, ձեր անձնական անցուդարձով եք զբաղվել», ասում է որդու տեղը չիմացող մայրը։


Այս աղետից մեկ ամիս անց Արցախի Հանրայինին տված հարցազրույցում նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանեց՝ ովքեր են մեղավորները, ովքեր են պատասխանատուները հարցին։ Եղածը վերագրեց խուճապին, քաոսին։

Շահրամանյանը Քննչականին խնդրեց հետևողական լինել, պարզել բոլոր հանգամանքներն ու գտնել մեղավորներին։ Հայաստանի քննչական կոմիտեն մեկ տարի է՝ քննում է պայթյունի այդ գործը։ Վկաներ, տուժածներ են հարցաքննվել, մեղադրյալներ չկան։

XS
SM
MD
LG