Մատչելիության հղումներ

Խորը այրվածքներ, 8 ողի կոտրվածք. Ստեփանակերտի պայթյունից տուժած կինը օգնություն է փնտրում


Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից ոտքերի, ձեռքերի, դեմքի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներ ստացած, 13 վիրահատության ենթարկված Ասյա Ամիրջանյանն ուղիղ երկու օրից պետք է կրկին վիրահատվի։

Պայթյունի ալիքից բենզինի հորն ընկելու հետևանքով խորը այրվածնքերից բացի, կոտրվել են 57-ամյա կնոջ ութ ողերը։ Տևական ժամանակ անշարժ պառկած Ասյան նորից քայլել կկարողանա, եթե գտնի պահանջվող 1 միլիոն 6 հազար դրամ գումարը։

Ամեն կոտրված ողի համար հատուկ սարքավորում է պետք, դրանցից յուրաքանչյուրը 200 հազար դրամ արժե։ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից ասել են, որ դրանք անվճար՝ պետպատվերի շրջանակում տրամադրել չեն կարող՝ խոստանալով միայն վիրահատությունն անվճար անել։

«Ձեր օպերացիան առանց փող է, բայց պիտի Դուք այդ մի միլիոն 600 հազարը բերեք, մեզ տաք, մենք ձեր օպերացիան անենք», - ներկայացրեց կինը։

Ասյայի աղջիկը՝ Գայանեն, Առողջապահության նախարարություն է դիմել մորը օգնելու խնդրանքով, նույն պատասխանն են տվել. - «Դիմեցի, հետո մի քանի օրից զանգեցին, ասացին՝ մենք չենք կարող օգնել, մենակ վիրահատությունը, մեր կողմից դա է, այդ գումարը դուք պիտի գտնեք, այդ գործիքները, որ առնեք՝ վիրահատությունը կատարվի։ Մանրամասն գրել էի դիմումի մեջ, որ ես մենակ եմ, ամուսինս չկա, պապաս չկա։ Դե, այդպիսի պատասխան տվեցին ինձ»։

Ադրբեջանական սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո Ասկերանի Խաչեն գյուղից Ստեփանակերտում ապաստանած Ասյան սեպտեմբերի 25 -ին ամուսնու և փեսայի հետ գնացել է մի քանի լիտր բենզինի հետևից՝ Հայաստան ուղևորվելու նպատակով։ Ասում է` իրենց հերթն արդեն հասնում էր, առջևում 10 մարդ էր, ամուսինն ու փեսան իրենից մի փոքր հեռու են կանգնած եղել։ Հանկարծ պայթյունի ձայն է լսել, հետո էլ ոչինչ չի հիշում։ Աչքերը բացել է բենզինի հորում, մի ոտքը հողի մեջ խրված, մյուս ոտքն ու ձեռքերը՝ կրակի մեջ։ Հետո` արդեն ավելի ուշ, իմացել է, որ և՛ ամուսինը, և՛ փեսան մահացել են։

«Աչքերս բացել եմ, տեսել՝ մի փոսի մեջ ես նստած, շորերս վառվում են», - հիշում է նա։

Ասյան օգնություն է կանչել, բայց օգնող չի եղել։ Չի նեղացել մարդկանցից։ Այդ խուճապային իրավիճակում, ասում է, ամեն մեկն ինքն իրեն էր փորձում օգնել։ Հողի մեջ կիսով չափ խրված՝ մի ոտքը մի կերպ հանել է, մի փոքր առաջացել ու կրկին օգնություն խնդրել։ Այդ ողջ ընթացքում մարմինն այրվել է, և միայն հորդառատ անձրևի շնորհիվ բռնկված շորերի կրակը մարել է։

Բենզինի պայթյունի հետևանքով խորը այրվածքներով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված արցախցի կինը 13 անգամ վիրահատվել է պետպատվերի շրջանակում։ Այրված ոտքի ու ձեռքերի մաշկի փոխպատվաստում է իրականացվել, վերականգնել են ամբողջությամբ վնասված ծունկը։ Ասյան ձեռքն ու ոտքը շարժել չի կարողանում, հետագայում պետք է վերականգնողական բուժումներ ստանա, բայց հիմա կարևորը կոտրված ողերի վիրահատությունն է։ Այն, որ ողնաշարը կոտրված է, իմացել է ավելի ուշ՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։

«Այս մի ձեռքս է, ոտքս է, պլաստիկ վիրահատության են արել, երեսս, եղունգներս, վառվել էին», - ասում է նա։

Ստեփանակերտից ծանր վիճակով Հայաստան հասած Ասյային այսօր միայնակ խնամում է դուստրը՝ 32-ամյա Գայանեն։ Երիտասարդ կնոջ խնամքին է նաև 10-ամյա որդին։ Պայթյունի հետևանքով զոհված Գայանեի ամուսնուն հուղարկավորել են Վանաձորում, հորը՝ Արզնիում։ Մայր ու աղջիկ հենց այս համայնքում են վարձով բնակվում։ Պետության տրամադրած 150 հազարից 110 հազարը տան վարձին են տրամադրում։ Մնացածով ապրում են, դեղեր գնում։ Ասյային ողնաշարի ցավերը հանգիստ չեն տալիս. - «Օգնեն էլի, օգնեն ապրենք, ֆինանսականով օգնեն… տղամարդ չկա տանը, ի՞նչ անենք»։

Ասյան Ասկերանի շրջանի Խաչենի իր տունը, հողամասը ամեն օր է հիշում, բայց Արցախ վերադառնալու մասին էլ չի մտածում։ Ասում է՝ եթե ամուսինը, փեսան կենդանի լինեին, գուցե մտածեր, բայց նրանք արդեն Հայաստանում են հուղարկավորված. և առանց նրանց Արցախ վերադառնալն այլևս անիմաստ է։

Ամուսնուն Ասյան վերջին անգամ պայթյունի վայրում է տեսել։ Նրան հուղարկավորության ժամանակ էլ հրաժեշտ չի տվել՝ հիվանդանոցում էր։ Առայսօր տնից մի քանի մետրի վրա գտնվող ամուսնու գերեզմանին էլ դեռ չի կարողացել այցելել։

«Գերեզմանին դեռ չեմ հասել, որ կարողանամ քայլել, կգնամ, գերեզմանը կտեսնեմ…», - նկատում է նա։

Այսօր ավելի ուշ «Ազատության» հարցումից հետո Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ Ասյա Ամիրջանյանի առողջական վիճակն իրենց ուշադրության կենտրոնում է, խնդրի ծանոթ են և աջակցություն ցուցաբերելու են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG