Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հինգշաբթի չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։ Սա նրա առաջին այցն է Կիև՝ պաշտոնը 2024-ի հուլիսին ստանձնելուց հետո։
BBC- նշում է, որ Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում կստորագրեն «100-ամյա գործընկերության» պայմանագիր, որն ընդգրկում է այդ թվում՝ պաշտպանության, էներգետիկ ոլորտները։
Ընդգծելով, որ Ուկրաինայի ամենամեծ ռազմական աջակիցներից մեկը՝ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո 16 միլիարդ դոլարի օգնություն է խոստացել Ուկրաինային և ավելի քան 50 հազար ուկրաինացի զինվոր վարժեցրել բրիտանական տարածքում՝ BBC-ն նշում է, որ Սթարմերը կհայտարարի ևս 49 միլիոն դոլարի աջակցության մասին՝ Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար:
Խորն անորոշություն կա Ուկրաինային ամերիկյան հետագա աջակցության վերաբերյալ, երբ Թրամփը ստանձնի պաշտոնը հունվարի 20-ին: ԱՄՆ նորընտիր նախագահը հրաժարվում է Կիևին օգնությունից՝ նշելով, որ ցանկանում է շուտափույթ ավարտին հասցնել պատերազմը և պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կիևի դաշնակիցներն էլ շտապում են մեծացնել Ուկրաինային աջակցությունը մինչև Թրամփի երդմնակալությունը՝ պատերազմի ավարտի շուրջ հնարավոր բանակցությունների համար Ուկրաինայի դիրքերն ուժեղացնելու նպատակով։