Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթի մեկնարկին մի շարք երկրների արտգործնախարարներ, այդ թվում՝ Ուկրաինայի, լքել են ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստերի դահլիճը։
Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտնել է, որ գերատեսչության ղեկավար Անդրեյ Սիբիգան դահլիճը լքելուց առաջ Լավրովին «ռազմական հանցագործ» է անվանել։
Սիբիգայի հետ դահլիճը լքել են նաև Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին, Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրազեն, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին և Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին "Европейской правде"-ին ասել է, որ դահլիճը լքել են նաև Ռումինիայի, Լիտվայի և Էստոնիայի պատվիրակությունների ներկայացուցիչները։
Չեխիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Դենիել Դրեյքն էլ X-ում լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ Լավրովի ելույթի ժամանակ Պուտինի դատավարության մասին գիրք էր ընթերցում։ «Մինչ ՌԴ արտգործնախարարը ելույթ էր ունենում ԵԱՀԿ-ում, իմ ղեկավարն էլ դուրս էր եկել դահլիճից, ես էլ օգտվեցի ազատ ժամանակից և անցա ընթերցանության», - գրել է Դրեյքնը։
Լավրովը երեկ է ժամանել է Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպմանը։ ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ արտգործնախարարի առաջին այցն է ԵՄ երկիր 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր։ Հանդիպման նախօրեին, Մալթայի իշխանությունները չեղարկել էին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային տրված մուտքի վիզան։