11-ամյա աղջիկ ու 34-ամյա կին են դանակահարվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Լեսթեր հրապարակում։ Լոնդոնի ոստիկանությունը հաղորդում է, որ հարձակվողին ձերբակալել են դեպքի վայրում։
Նրա ինքնության մասին տեղեկություններ առայժմ չկան։ Չկան նաև տեղեկություններ հիվանդանոց տեղափոխված հարձակման ենթարկվածների առողջական վիճակի մասին։
Ըստ բրիտանական մամուլի՝ անցորդներն ու մոտակա խանութների աշխատակիցներն են հասցրել վնասազերծել հարձակվողին։ Leicester Square-ը Լոնդոնի աշխույժ Սոհո թաղամասի սրտում է, որտեղ տեղակայված են մեծ թվով կինոթատրոններ, խանութներ, բարեր և այլ զվարճանքի վայրեր։
Հարձակումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցերի ֆոնին, երբ Սաութպորտի պարի դպրոցի հարձակման ժամանակ երեք աղջիկ էր սպանվել, ութ երեխա և երկու մեծահասակ ստացել էին դանակի հարվածներ։ Այս միջադեպից հետո անգլիական մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ էին, թիրախում էին հայտնվել միգրանտները։