Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյանը խնդրեց չմիավորել մարզային բուհերը, Փաշինյանը ցիտեց Սոկրատեսին


Վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ այսօր Գյումրի էր եկել Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ։ 90-ամյա բուհի խնդիրներից, սակայն, այսօր խոսք չգնաց։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նախընտրեց բարձրաձայնել բուհերի միավորման հարցը՝ շեշտելով, որ Շիրակի պետական համալսարանը իր տեսակետն այս հարցում հայտնելու հնարավորություն չի ունեցել։ Բարսեղյանը կառավարությանը խնդրեց չմիավորել մարզային բուհերը։ Այս առաջարկը ներկաները ծափերով ողջունեցին։

«Մարզերը զրկվելու են բուհական ուսանողությունից և բուհական աշխատակազմերից, որոնք մտավորականության մի զգալի շերտն են», - ասաց նա։

Մարզային բուհերի միավորման մասին Վարչապետ Փաշինյանը, որը տևական ժամանակ է՝ անոնսում է իր կառավարության մշակած ու բուհերի միավորմանը միտված «Ակադեմիական քաղաքի» ծրագիրը, Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին չարձագանքեց։

Փոխարենը կրթության որակի մասին ծավալուն ելույթ ունեցավ։ Ասաց՝ խոսքը սկսելու է 2500 տարի առաջ մի մարդու կողմից հնչեցված «ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» նախադասությամբ ու հետո պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ հույն փիլիսոփա Սոկրատեսը. - «Այս նախադասությունն առաջին հերթին ինքդ քեզ հարցեր տալու ընդունակության մասին է, առաջին հերթին ինքդ քո առաջ դրված խնդիրներն ավելի բարդացնելու մասին է, ինքնահայեցման մասին, և ես կարծում եմ, որ սա ընդհանրապես կրթության և զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է»։

Հետո սկսեց հռետորական հարցեր տալ ու ինքն էլ պատասխանել։

Կրթական համակարգը պետք է բարեփոխել ճշգրտելով գործունեության նպատակը։ Իսկ նպատակը, ըստ վարչապետի, պետք է մեկը լինի, որ շրջանավարտը լավ ապրի։ Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ Հայաստանում բուհական կրթությունը միջազգայնորեն մրցունակ չէ. - «Ես առաջարկում եմ, որ ինքներս մեզ ժամանակ առ ժամանակ ասենք՝ մենք գիտենք, որ առնվազն շատ բան չգիտենք»։

Վարչապետն այսօր Գյումրի էր հասել Գյումրի-Արմավիր ճանապահի այն հատվածով, որը վերջին այցի ժամանակ շրջանցել էր ու ուղիղ եթերում վստահեցրել, թե Արմավիրից Գյումրի ճանապարհն ամբողջությամբ նորոգված է, այնինչ Բայանդուր գյուղի մոտ 10 կմ հատվածն անավարտ էր։ Այսօր անձամբ եկել էր ստուգելու ու համոզվելու, որ ճանապարհի այդ հատվածն ասֆալտապատ է։

Փաշինյանին մոտենալու, հարցեր ուղղելու հնարավորություն լրագրողներին չտրվեց։ Իսկ մինչ գործադիրի ղեկավարը Գյումրի կհասներ, Թատերական հրապարակում կոմունալի աշխատողները բահով ու քլունգով արագ - արագ սառույցն էին կոտրում տեխնիկայի օգնությամբ։

XS
SM
MD
LG