Մատչելիության հղումներ

2 քրգործ, 2 մահ, «Արթկոսմեդ» կենտրոնը գործում է, որոշված չէ՝ լիցենզիան կկասեցվի, թե ոչ


Երկու քրեական պատմություն, երկու կնոջ մահ, իսկ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի դռները դեռ բաց են: Ցուցանակները շողշողում են, բայց ներսում լույսերն անջատված են, պլաստիկ վիրահատությունների եկածներ չկան, և չկա նաև կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Արթուր Սարգսյանը։

«Ազատություն»-ը միայն մի հսկիչի տեսավ ներսում, որն ասաց. - «Գործ չկա, չենք աշխատում, մարդ չի գալիս, չենք աշխատում»։

Այսինքն՝ ոչ թե պետության վերահսկող օղակներն են դադարեցրել կենտրոնի գործունեությունը, այլ մարդիկ իրենք են վարանում մոտենալ այս կենտրոնին, և այս բացը լրացնելու համար «Արթկոսմեդի» թիմն ու նրա տնօրենը զեղչերի հրավառություն են կազմակերպել։

Զարեհ Կարապետյանի կինը՝ 56-ամյա Զաբելը, հոկտեմբերի սկզբին մտավ «Արթկոսմեդ» պլաստիկ վիրահատության, վճարեց 5 հազար 263 եվրո ու մահացավ։ Ամուսինն ավելի վաղ ասել էր՝ դոկտոր Սարգսյանը պլանավորվածից ավելին է վիրահատել։ Կնոջ թևերը, կզակը, աչքերի տակը, որովայնը, հետույքը վիրահատական դանակի տակ են հայտնվել։ «Արթկոսմեդն» այդ ժամանակ հայտարարեց՝ կինը սրտի սուր ինֆարկտից է մահացել։ Ողբերգությունից հետո ամուսինը պնդել էր՝ պայքարելու է, որ մեղավորը պատժվի։


Քննչական կոմիտեից ասում են՝ քրգործով մեղադրյալ չկա, նախաքննությունն ընթանում է։ Նույն կենտրոնում նույն բժշկի վիրահատությունից հետո մեկ տարի առաջ մահացել էր նաև 32-ամյա Ալվարդ Վարդանյանը։ Կոմիտեի պատասխանը նույնն է՝ նախաքննություն է ընթանում։ Նախաքննությունից ավելի արագ տեմպ չունի վերահսկող մարմինը։

Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինը ստուգում է արել, Առողջապահության նախարարություն ուղարկել «Արթկոսմեդի» լիցենզիայի կասեցման միջնորդություն։ Թե ինչ խնդիրներ են հայտնաբերել, տեսչությունից այսօր հրաժարվեցին ներկայացնել։ «Արթկոսմեդի« տնօրենն «Ազատության» զանգերին չապատասխանեց։

Օրեր առաջ Անահիտ Ավանեսյանը խոսել էր լիցենզիայի պայմանների խստացման անհրաժեշտության մասին. «Վերափոխել ենք մասնագիտությունների ցանկը, որ հստակ լինի, թե ինչպիսին պետք է լինեն պլաստիկ խիրուրգիայի ծավալները, ինչի իրավունք ունի պլաստիկ խիրուրգը և ինչի իրավունքը չունի»։

Առողջապահության ոլորտի փորձագետները մահվան կրկնվող դեպքերից առաջ ու հետո ահազանգում էին՝ պլաստիկ վիրաբուժությամբ զբաղվող կենտրոնները լիցենզավորվում ու չեն վերահսկվում, նրանց կատարած աշխատանքի որակը չի ստուգվում։ Հայաստանում այսօր գործում է պլաստիկ վիրահատություններ անող 68 կազմակերպություն, կասեցման դեպքեր չկան։

«Արթկոսմեդի» լիցենզիան կկասեցվի՞, թե՞ ոչ, այս հարցը լիցենզավորման խորհրդի նիստում կքննարկեն, կներկայացնեն առողջապահության նախարարին, նա էլ կորոշի՝ կասեցնել կամ ոչ։ Առողջապահության նախարարությունից ասում են՝ մինչև տարեվերջ որոշում կլինի, իսկ «Արթկոսմեդում» արդեն անցել են տարեվերջյան զեղչային առաջարկների։

XS
SM
MD
LG