«Փողի համար սպանին իմ լույսը, իմ տան ճրագը մարեցին, որ երբեք էլ չի լուսավորվի». - պլաստիկ վիրահատություններից հետո այդպես էլ գիտակցության չեկած կնոջ՝ Զաբել Կարապետյանի ամուսինը պնդում է՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի տնօրեն վիրաբույժ Արթուր Սարգսյանը իր 56-ամյա կնոջ մարմնի միանգամից հինգ հատվածներում վիրահատություններ է սկսել, կինը չի դիմացել, սրտի կանգ է գրանցվել վիրահատական սեղանի վրա: «Նարկոսը խեղդել ա, սպանել ա», - ասում է Զարեհ Կարապետյանը:
Զաբել Կարապետյանն «Աթկոսմեդ»-ից տեղափոխվել էր «Աստղիկ» բուժկենտրոն, այստեղ մահացել՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Ամուսինը «Ազատությանը» պատմեց՝ Գերմանիայում են ապրում, կինը ոտքի վրա փոքրիկ գունդ ուներ, դա և որովայնի ճարպը հեռացնելու համար եկել է Հայաստան՝ բժիշկ Արթուր Սարգսյանի մոտ։ Ողբերգությունից հետո է պարզվել՝ կնոջ թևերը, կզակը, աչքերի տակը, որովայնը, հետույքը վիրահատական դանակի տակ են ընկել. - «Ես ասել եմ, որ ոտքը՝ աջը, ծնկի մոտ, մի հատ գնդիկ էր, շարիկ, խնդիր չէր, մեկ էլ փորի յուղերը մաքրեք, ընկել ա ձեր ձեռը, ես իրա կողքին չեմ եղել, համոզել են, ինչ են արել, ինքն էլ, դե կինարմատ ա, համոզել եք ու փրթել եք ու փրթել եք ու փրթել եք»ը:
Ասում է՝ գիտեր, որ որ այս բժիշկը սովորաբար փորձում է ընդլայնել միջամտությունների ծավալը՝ գարնանը կնոջ հետ եկել էին «Արթկոսմեդ», կինը ճակատի հարթեցման ներարկում է արել. - «Ինձ էլ բժիշկը համոզում էր նույնն անել: Եղբայր, ասի, ես չեմ ուզում, ես չե՛մ ուզում»:
Ենթադրում է՝ հասկացել են, որ կինը գումար ունի, համոզել են։ Ըստ Զարեհ Կարապետյանի՝ կինը 5 263 եվրո է վճարել «Արթկոսմեդ»-ում, չգիտի՝ այդ վիրահատությունների շարքն սկսելուց առաջ հետազոտե՞լ են կնոջը, թե՞ ոչ:
Բժիշկ Սարգսյանը օրեր տևած լռությունից հետո արձագանքել է այս ողբերգական դեպքին, ցավակցել ու մի քիչ մանրամասնել. - «Բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել: Մեր բժշկական թիմը մասնագիտական պարտականություններն իրականացրել է լիարժեք և ջանասիրաբար»։
Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից, գրել է պլաստիկ վիրաբույժը։
Ինչից է մահը վրա հասել՝ այս հարցի պատասխանը սովորաբար տալիս է դատաբժշկական փորձաքննությունը, որ շաբաթներ է տևում:
Ամուսինը կարծում է, որ ընդհանուր անզգայացման ու վիրահատությունների մեծ քանակի հետևանքով է կինը մահացել, մինչև այս, պնդում է, առողջական խնդիրներ չուներ։
Սա արդեն երկրորդ քրեական պատմությունն է, որ կապվում է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմնադրի՝ Արթուր Սարգսյանի անվան հետ. մեկ տարի առաջ պլաստիկ միջամտությունից հետո մահացել է նաև 32-ամյա մի կին։
Երկու քրեական գործերն էլ դեռևս նախաքննության փուլում են։
Զարեհ Կարապետյանն ասում է՝ կնոջ մահից հետո բժիշկը զանգել է իրեն. - «Ասում եմ՝ եթե դու քեզի խփես էլ, դու քեզի սպանես էլ, քեզի գնդակահարես էլ, ես չեմ ուզում դու քեզի որևիցե վնաս տաս, ես ուզում եմ՝ դու իմ Զաբելին ընձի տաս, դու իմ Զաբելին բեր տուր, ես ոչ մի բան չեմ ասում: Բայց իմացի՝ ես մինչև վերջ գնալու եմ, ես մինչև վերջ գնալու եմ, մեղավորը ո՛վ որ ա՝ նա պտի պատասխան տա»:
Ուզում է, որ գոնե այս անգամ պատասխանատվություն կրի մեղավորը, եթե նախորդ դեպքի քննությունը ավելի արագ իրականացվեր, - մեկ տարի է՝ դեռ փորձաքննության պատասխանն էլ չկա, - գուցե այս բժիշկը վիրաբուժական դանակը մի կողմ դրած լիներ։
«Իմ արևը, իմ լույսը, իմ ջերմությունը, իմ ուրախությունը, իմ տխրությունը, օդ ու ջուրը իմ վրա կտրեցին էս բժիշկները», - ասում է Զարեհ Կարապետյանը: