Մատչելիության հղումներ

Քրեական վարույթ՝ «88» սուպերմարկետների շուրջ. ո՞վ և ինչո՞ւ է այս բիզնեսը կապում վարչապետի ընտանիքի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան և գործարար Նարեկ Նալբանդյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան և գործարար Նարեկ Նալբանդյան, արխիվ

Նիկոլ Փաշինյանն իրավապահներին հանձնարարել է վարույթներ նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք նորահայտ մեծահարուստ գործարար Նարեկ Նալբանդյանն է իրականում փորձում վարչապետի ընտանիքի անունը կապել իր բիզնեսների հետ:

«Մեկ էլ ինչ-որ մի հատ, ասենք, պարզվի՝ բան ե՞նք մենք, փայ մտնող ե՞նք, հա՞, մենք., - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

«Եվ եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և ընդհանրապես մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, էդ Նարեկ Նալբանդյանն է: Եվ ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի քան դաժան, քան սովորական ձևերով», - ասաց վարչապետը:

2018-ի հեղափոխությունից հետո լուրջ բիզնես առաջխաղացում ունեցած և նախկիների «ապօրինի գույքերի» ձեռքբերմամբ հայտնի Նարեկ Նալբանդյանի անունը վերջին շրջանում հաճախ էր կապվում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Մամուլը գրում էր, թե մարզերում գործող խանութները խլում են սեփականատերերի ձեռքից, և դրանք հետագայում դառնում են «88» սուպերմարկետ, ու դա տեղի է ունենում վարչապետի տիկնոջ համաձայնությամբ:

Ինքն՝ Աննա Հակոբյանն անցած տարի հերքել էր այս տեղեկությունը՝ պնդելով, որ որևէ առնչություն չունի Նալբանդյանի «88» սուպերմարկետների ցանցի հետ: Կոչ անելով բոյկոտել իր անվան հետ կապվող այդ խանութները և անգամ մեկ շիշ ջուր չգնել, Հակոբյանն անցած տարի նաև հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, որին ընթացք էին տվել:

Այսօրվա ճեպազրույցում Փաշինյանը փակագծեր բացեց, որ իր հանձնարարությամբ իրավապահներն այս շրջանառվող լուրերի վերաբերյալ հարցաքննություններ են արել: Թե ովքեր են հարցաքննվել, արդյոք նրանց շրջանում է նաև գործարար Նարեկ Նալբանդյանը, պարզ չէ:

«Մամուլում հրապարակումներ են եղել, թե գնացել մարզերում խանութներ են ձեռք բերել՝ ասելով, որ վարչապետի տիկնոջ հանձնարարությամբ է: Ես հանձնարարել եմ, որ գնացել են հատ-հատ էդ մարդկանց հարցաքննել, և ես չեմ բավարարվում դրանով, երկրորդ անգամ էլ, երրորդ անգամ էլ, չորրորդ անգամ էլ, ասում եմ՝ որ պահին լինի հիմնավորում, մեր արձագանքը լինելու է դաժան», - վստահեցրեց վարչապետը:

«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ

Փաշինյանի այս հայտարարությունից հետո այսօր ավելի ուշ «Ազատությանը» Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ 2026 թվականի փետրվարի 26-ին «88» սուպերմարկետների գործունեության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թե որ հոդվածով, և այժմ որ կառույցում է այդ վարույթը քննվում, Դատախազությունից տեղեկություն չտրամադրեցին:

Վարչապետը պահանջեց՝ գործարարը հերքեց

Նիկոլ Փաշինյանն այսօր վրդովված պահանջում էր գործարարից հերքել իր բիզնեսների կապը վարչապետի ընտանիքի հետ:

«Ինձ համար զարմանալի է՝ ինչի՞ չի հերքում ինքը: Մեզ սա ներվայացնում է ահավոր ձևի», - հայտարարեց վարչապետը:

Գործարար Նարեկ Նալբանդյանը, արխիվ
Գործարար Նարեկ Նալբանդյանը, արխիվ

Գործարար Նարեկ Նալբանդյանը Փաշինյանի այսօրվա զգուշացումներից անմիջապես հետո հերքմամբ հանդես եկավ.

«Տարբեր շրջանակների կողմից բազմիցս փորձ է արվել իմ անունը և իմ կողմից իրականացվող բիզնես ծրագրերը կապել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների կամ նախկին իշխանությունների հետ։ Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ։ Իմ բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի»:

Իշխանության «սրտի օլիգա՞րխ», թե՞ հաջողակ բիզնեսմեն

Երիտասարդ գործարարը բավական տպավորիչ բիզնեսների ցանկ ունի. նրան են պատկանում «88» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցերը, Սևանի ափին գտնվող նախկին «Հայրապետ» հյուրանոցը, «Նալբանդյան» օղու գործարանը, Մասիսի և Տափերականի ալրաղացները, Եղվարդում բեռնատարների սպասարկման կենտրոնը, Եղվարդում համակցված կերերի գործարանը, Շիրակի թռչնաբուծարանը, ջրերի գործարանը, Մեղրաձորի ոսկու հանքը, Նոր Հաճընի ադամանդի գործարանը և այլն:

«Մարդիկ արդեն որակավորում են տալիս, որ իմ գործողություններով ես դառել եմ իշխանությունների սրտի օլիգարխը», - հայտարարել է գործարարը:

Նալաբանդյանը, սակայն, հանրության ուշադրության կենտրոնում առաջին անգամ հայտնվեց, երբ հեղափոխությունից հետո գնեց Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը հետագայում վերանվանեց «88»: Քրեական վարույթով անցնող նախկին պաշտոնյան այդ գույքը հանձնել էր պետությանը, պետությունն էլ այն վաճառել էր Նարեկ Նալբանդյանին: «Հետք»-ը գրել էր, որ գործարարը 2022-ին արտոնյալ պայմաններով է գնել այդ հյուրանոցը:

Նույն տարում, ի դեպ, Նալբանդյանը գնեց նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը: Ըստ մամուլի՝ Ազգային ժողովի շենքի նմանանությամբ կառուցված այս դղյակը Աբրահամյանները Նալբանդյանին վաճառել էին 5 միլիոն դոլարով:

Վիճահարույց այդ գործարքը տեղի էր ունեցել այն դեպքում, երբ Գլխավոր դատախազությունն արգելել էր Կադաստրի կոմիտեին որևէ գործարք կատարել Աբրահամյանին պատկանող այդ գույքի հետ, քանի որ այն քրեական գործով իրեղեն ապացույց էր ճանաչվել:

Այս կասկածելի գործարքին պարբերաբար անդրադառնում է նաև ընդդիմությունը՝ ընդգծելով, որ Փաշինյանը նախկիններից վերցրած գույքերը ոչ թե ժողովրդին, այլ իր «սրտի օլիգարխին» է տալիս:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան, արխիվ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան, արխիվ

«Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ասել են՝ Հովիկ Աբրահամյանի տունը, ապօրինի տունը պետք է վերադարձվի ժողովրդին, տարիների ընթացքում պարզվեց, որ էդ ժողովրդի անունը Նարեկ Նալբանդյան է», - հայտարարում էր, մասնավորապես, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ես սրտի օլիգարխ չունեմ»

Փաշինյանը, մինչդեռ, այսօր վստահեցնում էր՝ իր ընտանիքը Հայաստանում ու նաև երկրից դուրս բիզնես հետաքրքրություններ չունի: Իսկ իրենց ողջ ունեցվածքը հայտարարագրված է:

Մինչ իրավապահները փնտրում են Նարեկ Նալբանդյանի հետքը՝ Փաշինյանի ընտանիքի մասին շրջանառվող լուրերի համատեքստում, գործարարը է՛լ ավելի է ընդլայնում բիզնես կայսրությունը: Նախօրեին հայտնի դարձավ, որ նա նոր գույք է ձեռք բերել, այս անգամ՝ Հրազդանի ցեմենտի գործարանը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG