Մատչելիության հղումներ

Քննիչը քրեական պատասխանատվության ենթակա գործողություններ ավտոբուսների վարորդների գործադուլի մեջ չի տեսել


«Համապատասխան հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին», - «Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակիցների գործադուլից ժամեր անց հայտարարել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Իրավապահները նրա հաղորդմանն ընթացք տվել էին, բայց դատախազությունից այսօր «Ազատությանն» ասացին՝ վարույթ չեն նախաձեռնել։ Ավելի պարզ՝ քննիչը քրեական պատասխանատվության ենթակա գործողություններ վարորդների գործադուլի մեջ չի տեսել:

Գործադուլը հաջորդել էր նոյեմբերից հանրային տրանսպորտի վարորդներին առձեռն գումար վերցնելու քաղաքային իշխանության արգելքին: Երևանի քաղաքապետարանը հայտարարում էր միլիոնավոր դրամների ստվերից դուրս գալու մասին՝ «եթե մինչև նոյեմբերի 1-ի որոշումը հավաքագրվում էր աշխատանքային օրերին միջինում 30-31 մլն, հիմա հասել ենք 35 մլն նշաձողին»:

Հանրային տրանսպորտում տարիներ շարունակ, անգամ տրանսպորտային ոլորտի բարեփոխումներից հետո կոռուպցիայի առկայության մասին երկրի ղեկավարն էլ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ստվերում թաքնված գումարները համակարգված մեխանիզմով են գրպանվել:

«Չէր կարա տենց լիներ, որ թողնեին էդ մեխանիզմն աշխատի, որ վարորդը վերջում դրանից օգտվի, վարորդները կարող է լռության փոքր վճար ստանային, բայց ոչ ավելի: Իսկ էն մարդիկ ում շահերը ոտնահարվել են, պարզ է, պետք է էդ վարորդներին դրդեն», - ասել էր վարչապետը:

Հանրային տրանսպորտի ոլորտում եղած կոռուպցիայի մասին հայտարարությունների մակարդակով էլի պաշտոնյաներ են խոսել, բայց փաստացի ուսումնասիրող չկա: Դատախազությունում այդ հայտարարություններից հետո որևէ հաղորդում չկա: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը շեշտում է՝ կարևոր է, որ կոռուպցիոն երևույթների համար կոնկրետ քրեական պատասխանատվություն լինի:

«Այս առումով վարչապետի և համայնքային իշխանությունների հայտարարություններն ինչ-որ առումով կա՛մ ուղղակի քաղաքական հայտարարություններ են, որոնք բամբասանքի վրա են, քանի որ նույն խոսակցությունները մենք էլ ենք լսել, որ էդ վարորդները ինչ-որ գումար վճարում էին, կա՛մ եթե այդ խոսակցությունների տակ կոնկրետ ինֆորմացիա կա՝ անձանց անուններ, տվյալներ, ապա որպես քաղաքացի վարչապետը կամ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարտավոր են հայտնել իրավապահներին, որ համապատասխան միջոցներ ձեռնարկեն», - նշեց Իոաննիսյանը:

Քաղաքային իշխանությունը վարորդների գործադուլից հետո վայրկյան չկորցրեց ու դիմեց դատախազություն, մինչդեռ տասնամյակներ շարունակ կորած գումարների ճակատագրով հաղորդում չի ներկայացվել: Թե բյուջեի փոխարեն ո՞ւմ են հասել, ինչպես պնդում են, ստվերից դուրս եկած միլիոնները, հարցի պատասխանը չկա:

«Տարօրինակ է, բայց ինձ համար հստակ է, որ քաղաքական գործիչները պետք է հստակեցնեն՝ իրենց հայտարարության տակ օբյեկտիվ տեղեկություններ են, թե լսածի հիման վրա կառուցված տեղեկություններ», - ընդգծեց Իոաննիսյանը:

Գործադուլին հաջորդել էին նաև 32 վարորդի աշխատանքից հեռացման հրամանները։ Երևանի քաղաքապետարանից այսօր հայտնեցին՝ նրանցից 11 վերականգնվել են աշխատանքի, մյուսների մասով դեռ հստակություն չկա:

XS
SM
MD
LG