Մատչելիության հղումներ

Մահափորձից երկու շաբաթ անց Կիևում մահացել է ղազախստանցի ակտիվիստ Այդոս Սադիկովը


Այդոս Սադիկով, արխիվ
Այդոս Սադիկով, արխիվ

Կիևում մահացել է ղազախստանցի ընդդիմադիր, BASE տեղեկատվական ալիքի ղեկավար Այդոս Սադիկովը, հայտնել է նրա կինը՝ լրագրող Նատալյա Սադիկովան։

«Այդոսը կյանքը տվեց Ղազախստանի համար և զոհվեց մարդասպանների ձեռքով։ Տասներեք օր վերակենդանացման բաժանմունքում Աիդոսը պայքարեց կյանքի համար, բայց ոչ մի հրաշք տեղի չունեցավ։ Նրա մահը Տոկաևի խղճին է», - Ֆեյսբուքում գրել է նրա կինը։

Սադիկովան սպանության փորձի համար մեղադրել է Ղազախստանի իշխանություններին։ Ղազախստանի իշխանություններն այս հայտարարությունը «սադրիչ» ու «իրականությանը չհամապատասխանող» են որակել։

Սադիկովի դեմ մահափորձ էր կատարվել հունիսի 18-ին Կիևի իր տան բակում։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ հարձակվողը մոտեցել է մեքենային, որում եղել են բլոգերն ու կինը, և կրակել Սադիկովի վրա։ Բլոգերը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, կինը չէր տուժել։

Կասկածյալները Ղազախստանի երկու քաղաքացիներ են՝ Ալթայ Ժականբաևը և Մեյրամ Կարատաևը։ Մահափորձից հետո նրանք փախել են Մոլդովա։ Հունիսի 22-ին Ղազախստանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Ժականբաևը հանձնվել է ոստիկանություն։

Ուկրաինան Ժականբաևի և Կարատաևի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Ղազախստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ Սադիկովի դեմ մահափորձի մեջ կասկածվողներին չեն արտահանձնի Ուկրաինա։

Այդոս Սադիկովը Ղազախստանի իշխանությունների կոշտ քննադատներից էր, մասնավորապես, ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին նա մեղադրում էր «Ռուսաստանի օգտին աշխատելու» մեջ։ Ընդդիմադիր գործիչն ակտիվորեն աջակցել էր 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ցույցերին։

Հայրենիքում Սադիկովի և նրա կնոջ նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրանք մեղադրվում են ատելություն սերմանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG