«Խորապես մտահոգված եմ Եվրոպայում անվտանգության իրավիճակով», - նախօրեին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ պաշտոնը ստանձնելուց հետո եվրախորհրդարանի պատգամավորների հետ առաջին հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է պաշտպանական կարողությունների ուղղությամբ ավելի շատ ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը՝ շեշտելով՝ «ավելի ուժեղ եվրոպական պաշտպանությունը նշանակում է ավելի շատ ծախսել, ավելի ճիշտ ծախսել, ավելի շատ արտադրել՝ ոչ թե պատերազմ հրահրելու, այլ այն կանխելու համար»:
«Մենք պատերազմի մեջ չենք, բայց նաև խաղաղության մեջ չենք», - ասել է Ռյուտեն՝ մասնավորապես ընդգծելով Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից և Հյուսիսային Կորեայից եկող մարտահրավերների մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը որպես երկարատև սպառնալիք նշել է նաև ահաբեկչության, միջուկային զենքի, ապատեղեկատվության տարածումն ու կլիմայի փոփոխությունը։
Եվրոպայի ապագան կախված է Ուկրաինայիում պատերազմի արդյունքից, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քրատուղարը։
«Մենք ցանկանում ենք այնտեղ տևական խաղաղություն: Եթե Պուտինն այն ստանա իր ձևով, խաղաղությունը երկար չի տևի», - ասել է Ռյուտեն՝ կարևորելով ԵՄ աջակցությունն Ուկրաինային։
«Մենք այժմ ապահով ենք, հնարավոր է, որ հինգ տարի հետո ապահով չլինենք», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։