Մատչելիության հղումներ

«Քարոզվող ատելությունը կարող է եղբայրասպանության հասցնել». արցախցիները՝ դատախազության առաջ


Արցախցիներն այսօր հավաքվել էին Գլխավոր դատախազության մոտ, պահանջում էին՝ քայլեր, որ պատժեն իրենց նկատմամբ ատելություն քարոզողներին: Այստեղ ներկայացրին իրենց մտահոգությունները:

«Կա շատ մեծ վախ, որ այս քարոզվող ատելությունը կարող է շատ ավելի հեռուն տանել, և ես չեմ վախենա ասել, որ մի օր տանի և հասցնի մեզ եղբայրասպանության, ինչը խայտառակ վիճակ է», - ասաց մասնակիցներից մեկը:

«Օրինակներից ամենավառը, ցավալին ինձ համար այն է, որ իշխանության գլուխգործոցները, որ նստած են կառավարության շենքում, հենց իրենք են ատելության խոսքը տարածում», - հավելեց մեկ ուրիշը:

Ակցիայի մասնակիցները կարծում են, որ ատելությունը հրահրում են իշխանության բարձր օղակներից: Պահանջում էին, որ Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցի:

Հանցագործության մասին օրինակների մեծ ցանկով էին եկել: Այդ ցանկում ՔՊ-ականներ կային, իշխանությանը սատարող բլոգեր, կեղծ օգտատերեր: Պատգամավորներից Արսեն Թորոսյանի գրառումն էլ է ներկայացվել, որ Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի օրը գրել էր, թե Արցախը հայաթափած իշխանությունը հիմա էլ նույնը Հայաստանում է փորձում անել:

«Եվ սա քաղաքական ուժերի կամ կուսակցությունների պայքար չէ, սա հստակ պայքար է Հայաստանի Հանրապետության գոյության դեմ, ինչը վստահաբար արժանանալու է մեր ժողովրդի արժանի գնահատականին», - գրել էր նա։

«Թալանել եք իմ երկիրը, ծախել եք, Արցախը ծախել եք», - հայտարարում էին այսօրվա ցույցի մասնակիցները:



Մինչև Գլխավոր դատախազությունը մի դիմում էլ փոխանցեցին Արտաքին գործերի նախարարություն: Պահանջում են, որ կառավարությունը կոնկրետ քայլեր անի Արցախ վերադառնալու իրավունքը միջազգային ատյաններում առաջ մղելու համար:

Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանության ու վերադարձի հարցերն էլ կային ԱԳՆ-ին փոխանցած պահանջագրում: Մեկ ամիս առաջ արցախցի նախկին պաշտոնյաները դիմել էին Շվեյցարիային, որ որպես չեզոք կողմ Ադրբեջանում հայ գերիների համար հյուպատոսական ծառայություն ապահովեն: Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասաց՝ պատասխանել են, պատրաստ են ջանքեր գործադրել, բայց պետք է Հայաստանը դիմի: Հայաստանն էլ, ըստ Բեգլարյանի, չի դիմել, ինչը, ինչպես նշեց, դատապարտելի ու անընդունելի է:


Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ կառավարության ջանքերով Մինսկի խումբը սկսի Ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ գործընթաց ու ապահովի արցախցիների վերադարձը: Այս պահանջին զուգահեռ կառավարությունը Ադրբեջանին խոստանում է տասնամյակներով ղարաբաղյան հակամարտության լուծմամբ զբաղվով միակ կառույցի՝ Մինսկի խումբը լուծարելու գործընթաց սկսել:

«Խիստ դատապարտելի է, որ Արարատ Միրզոյանը կլինի, Նիկոլ Փաշինյանը, թե պաշտոն զբաղեցնող կոնկրետ անձինք, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության այդ մեխանիզմները վիժեցնում են և դա դարձնում են բանակցությունների, սակարկման առարկա», - ասաց Արտակ Բեգլարյանը:

Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամ իշխանությունը 2021 թվականին կուսակցական ծրագրով խոստանում էր դեօկուպացնել Հադրութն ու Շուշին: Բողոքի ակցիայի մանսակիցներն այսօր այդ ծրագիրը այրեցին նախարարության մոտ, դիմումները հանձնելուց հետո հեռացան, նրանց պաշտոնյաներից ոչ մեկը չմոտեցավ:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG