Մատչելիության հղումներ

90 միլիոն դրամ ԱԺ նախագահի մեքենայի գնման համար. Լևոն Բարսեղյանը սա «քաղաքական իմաստով հանցագործ ծախս» է համարում


Կառավարությունն այսօր առանց զեկուցման թույլատրեց Ազգային ժողովին հրատապ, մեկ անձից գնման ընթացակարգով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի համար գնել բարձր դասի BMW մակնիշի մեքենա։ Դրա համար պետական բյուջեից կծախսվի 90 միլիոն դրամ կամ մոտ 185 հազար դոլար։

«Անվտանգություն և խնայողություն», Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը գնումը հենց այսպես է հիմնավորում. «Նոր մեքենայի անհրաժեշտությունը բացատրվում է անվտանգության ներկայացուցչությունն ապահովելու, ինչպես նաև խնայողություն անելու նպատակով, քանի որ ներառում է երաշխիքային սպասարկում և պահպանման ծախսեր»:

Արդարացում, ոչ թե հիմնավորում, այսպես է արձագանքում իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը սահմանամերձ մարզ դարձած Գեղաքունիքից վերադարձի ճանապարհին. «Խրախճանք ժանտախտի ժամանակ». կարելի է ասել` Հայաստանը վերջապես շտկում է իր մեջքը, շատ տխուր է ծիծաղելի լինելու համար նման գնումը: Ես իմ ավտոն 10 տարի առաջ եմ գնել 10 միլիոն դրամով, 450 հազար կմ քշել եմ, համեստորեն ծառայում է ինձ: Ինչո՞ւ չէր կարող Ազգային ժողովի նախագահը յոլա գնալ ավելի համեստ մեքենայով: Բացարձակ անհասկանալի, քաղաքական իմաստով հանցագործ, քրեական իմաստով չգիտեմ, քաղաքական իմաստով հանցագործ ծախս է դա, երբ երկիրն ունի ահռելի պրոբլեմներ, որոշել, որ այդպիսի գնով պիտի մեքենա գնել ԱԺ նախագահի համար»:

Ըստ նախագծի հիմնավորման՝ խորհրդարանի խոսնակի համար նոր մեքենայի ձեռքբերումը համարվել է հրատապ, և հաշվի առնելով հենց այս հանգամանքը՝ գնումը կկատարվի պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից՝ «Եուրոմոթորս» ընկերությունից, որը պատկանում է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին։

«Ոչ մի կերպ չի հասկացվում, թե երկրի կարիքների համադրությամբ այդ ծախսը ինչո՞ւ պիտի արվեր, իրենք չեն կարողանալու որևէ կերպ սա բացատրել: Մեր բանականության նկատմամբ հավանաբար ծաղր է սա, ուղղակի փորձում են հասկանալ` ինչքան մարդ է ապշելու, թե ինչքան կարճատես կարելի է լինել: Ես համոզված եմ, որ էլ ավելի թանկարժեք մեքենա կարելի է գնել մեկ այլ արդարացմամբ կամ նույն արդարացմամբ», - ասաց Լևոն Բարսեղյանը:

Ալեն Սիմոնյանի թիմակիցները չեն շտապում արդարացնել կամ քննադատել այս գնումը, նախընտրում են պարզապես չմեկնաբանելու տարբերակը։ Գործադիրի նիստից հետո միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին չհաջողվեց խուսափել լրագրողների հարցերից։ Ասաց` դե ուրեմն պետք է եղել էլի. «2010 թվականից սպասարկող մեքենան, որ կա, 10 տարվա ընթացքում հաստատ մաշված կլինի, կարիք կլինի դրա փոխելու: Երևի հրատապ է եղել»:

Ժամանակին ծառայողական մեքենաների և դրանց վրա ծախսած գումարների մասին խիստ քննադատական էր խոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանը անվանում էր «պադավատապետություն»։ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ «պադավատապետություն», նոր ու թանկարժեք մեքենայի գնումը հաստատած վարչապետը նախընտրել էր հարցն առանց հրապարակային քննարկման հաստատել, ու նրա տեսակետը այդպես էլ պարզ չդարձավ այսօր։

Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի ելույթ-մեղադրանքից հետո նախկին իշխանության ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հիմնավորումները շատ չէին տարբերվում այսօրվա հինավորումներից՝ անվտանգություն և խնայողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG