Մատչելիության հղումներ

Կանադան «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, արխիվ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, արխիվ

Կանադան «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի անունը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լեբլանը երեկ Օտտավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կանադայի այս որոշումը հիմնված է «համոզիչ ապացույցների վրա»։ Նրա խոսքով՝ Կանադան «օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ահաբեկչական գործողությունների դեմ պայքարելու համար»։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին նույն ասուլիսում նշել է, որ Օտտավան մի քանի տարի առաջ խզել է դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ։ Նա կոչ է արել կանադացիներին չմեկնել Իրան, իսկ Իրանում գտնվողներին հորդորել է անհապաղ լքել երկիրը։

Mehr գործակալությունը նշում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին Կանադայի այս քայլը «թշնամական» է որակել։

Քանանին շեշտել է, որ Զինված ուժերի այլ տարրերի հետ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պատասխանատու է երկրի ազգային անվտանգության և սահմանների պահպանման համար, ինչպես նաև նպաստում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Թեհրանում 2020-ի հունվարին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737-ը կործանվեց։ Կանադան մանրազնին հետաքննություն էր պահանջում ավիաաղետի շուրջ, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել, այդ թվում՝ Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի ու Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:

Դեպքը տեղի է ունեցել Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռներ արձակելուց մի քանի ժամ անց, որոնք ուղղված էին Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերի տեղակայման վայրերին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության։

Աղետից երեք օր անց միայն Իրանի իշխանություններն ի վերջո ստիպված եղան խոստովանել` հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի մերձակայքում վթարված ուկրաինական «Բոինգը» կործանվել է երկրի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների հետևանքով:

XS
SM
MD
LG