ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու՝ զենքի խախտման և հարկերից խուսափելու գործերով, ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին։
«Այս պաշտոնում իմ առաջին օրվանից ես ասացի, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին։ Ես պահեցի իմ խոստումը, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսա, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար և անարդարացիորեն հետապնդում», - ասված է Բայդենի հայտարարությունում։
Սեպտեմբերին Հանթեր Բայդենն ընդունել էր իր մեղքը դաշնային հարկերի գործով, որով նրան սպառնում էր մինչև 17 տարվա ազատազրկում և մինչև 450 հազար դոլար տուգանք։ Դատավճիռը նշանակվել էր դեկտեմբերի 16-ին: Դատավարությունից հետո հրապարակած հայտարարության մեջ Հանթեր Բայդենը բացատրել էր, որ իրեն մեղավոր է ճանաչել՝ խնայելու իր ընտանիքին դատարան գնալուց։
Հունիսին դատարանը 54-ամյա Հանթեր Բայդենին մեղավոր էր ճանաչել ապօրինի կերպով հրազեն գնելու համար։ Նա, մասնավորապես, մեղադրվում էր, 2018 թվականի հոկտեմբերին ատրճանակ ձեռք բերելիս ստելու համար, թե թմրանյութեր չի օգտագործում։ Սակայն մեղադրանք առաջադրած հատուկ դատախազ Դեյվիդ Վայսը նշել էր, որ նա այդ ժամանակ պայքարել է կոկաինից կախվածության դեմ ու պնդել, թե ԱՄՆ նախագահի որդին թմրանյութ օգտագործելիս հրազեն է ունեցել։
Այս գործով Հանթեր Բայդենին 25 տարվա ազատազրկում էր սպառնում և 750 հազար դոլար տուգանք։ Դատավճիռը սպասվում էր դեկտեմբերի 12-ին։