Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին առաջին անգամ կգլխավորի «Վրացական երազանքի» նախընտրական ցուցակը


Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Վրաստանի իշխող ուժի նախընտրական ցուցակն առաջին անգամ կգլխավորի երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ցուցակի երկրորդ համարն է, երրորդ տեղում ՝ կառավարության նախկին ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին է։

«Վրացական երազանքի» նախընտրական ցուցակի առաջին տասնյակում են նաև քաղաքական ուժի մի շարք այլ առաջնորդներ, օլիմպիական մարզիկներ՝ ծանրորդ Լաշա Տալախաձեն և ազատ ոճի ըմբիշ Գենո Պետրիաշվիլին:

Վրաստանը 2012-2013 թվականներին առաջնորդած Բիձինա Իվանիշվիլին մի քանի տարվա լռությունից հետո հրապարակային քաղաքական գործունեությունը վերսկսեց անցած տարվա դեկտեմբերին՝ ստանձնելով իր հիմնադրած կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնը։

Միլիարդատեր գործարարի կուսակցական առաջնորդության վերջին ութ ամիսներին Վրաստանը բախվեց աննախադեպ քաղաքական ճգնաժամի։ Անտեսելով Թբիլիսիի արևմտյան գործընկերների նախազգուշացումները, երկրում շաբաթներ տևած զանգվածային բողոքի ցույցերը, իշխող ուժը ավարտին հասցրեց «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքի ընդունումը։

Վրաստանի քաղաքացիների Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամակցություն խոստացած և այդ նպատակը Սահմանադրությամբ ամրագրած «Վրացական երազանքի» առաջնորդն այս տարվա ապրիլին իր հազվադեպ հրապարակային ելույթներից մեկում կոշտ քննադատություն հնչեցրեց Արևմուտքի հասցեին՝ պնդելով, որ պատժամիջոցների հանգեցրած վիճահարույց օրենքն անհրաժեշտ է Վրաստանին նախ և առաջ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Իվանիշվիլին հայտարարեց, թե հենց օտարերկրյա գործակալների օրենքի օգնությամբ է Թբիլիսին երկիրը պաշտպանելու այն ուժերից, ովքեր փորձում են Վրաստանը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ։

Թբիլիսիի մերձավոր դաշնակիցները՝ Վաշինգտոնը, Բրյուսելը մտահոգություն են հայտնել օրենքի առնչությամբ, որը դրսից ֆինանսավորվող կազմակերպություններից, այդ թվում՝ լրատվամիջոցներից, պահանջում է որպես «օտար ազդեցության գործակալներ» գրանցվել:

Չնայած ուժայինների կոշտ դիմադրությանը Վրաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ շաբաթներ շարունակ փողոցներում պայքարում էին օրենքի ընդունումը կանխելու համար՝ պնդելով, որ այն ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի տխրահռչակ օրենքի կրկնօրինակում։

Նույնանման օրենսդրության կիրառմամբ Կրեմլն անցած մի քանի տարվա ընթացքում երկրում գրեթե ի սպառ վերացրեց ինչպես անկախ լրատվամիջոցների, այնպես էլ չենթարկվող հասարական կազմակերպությունների գործունեությունը՝ բանտարկելով բազմաթիվ քննադատող ձայներ։

Պնդելով, որ նման օրենսդրության ընդունմամբ Թբիլիսին կասկածի տակ է դնում իր հանձնառությունը ժողովրդավարական սկզբունքներին՝ Եվրամիությունն անցած ամիսներին սառեցրեց դաշինքի անդամակցության հարցով Վրաստանի հետ բանակցությունները, կասեցրեց նաև 30 միլիոն եվրոյի ռազմական օգնությունը: Վաշինգտոնն էլ դադարեցրել է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը՝ որպես պատճառ բերելով Թբիլիսիի «հակաժողովրդավարական գործողությունները և կեղծ հայտարարությունները» Արևմուտքի դեմ:

Վրաստանում հոկտեմբերին նախատեսված ընտրությունները Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բնորոշել է ընտրություն «Ռուսաստանի ստրուկը լինելու կամ Եվրոպայի հետ համագործակցության միջև»։

Վերջին հարցումները մինչդեռ վկայում են, որ ավելի քան մեկ տասնամյակ իշխանության ղեկը ձեռքում պահող Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք»-ը շարունակում է մնալ երկրի առաջատար ուժը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG