Մատչելիության հղումներ

Նեթանյահուն «Համաս»-ի առաջնորդի սպանությունը պատերազմի վերջի սկիզբն է համարում


Մարդիկ կանգնած են ցուցատախտակի առջև, որտեղ պատկերված է «Համաս»-ի հանգուցյալ առաջնորդ Յահյա Սինվարը, 18-ը հոկտեմբերի, 2024թ.
Մարդիկ կանգնած են ցուցատախտակի առջև, որտեղ պատկերված է «Համաս»-ի հանգուցյալ առաջնորդ Յահյա Սինվարը, 18-ը հոկտեմբերի, 2024թ.

Գազայում սպանվել է «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) առաջնորդ Յահյա Սինվարը։ Արևմտյան առաջնորդները hակամարտությանը վերջ դնելու հնարավորության մասին են հայտարարում, Իսրայելի վարչապետն էլ՝ տեղի ունեցածը ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմի վերջի սկիզբը։

«Սա Գազայում պատերազմի ավարտը չէ, բայց վերջի սկիզբն է։ Գազայի ժողովրդին ես մի պարզ ուղերձ ունեմ՝ վաղն այս պատերազմը կարող է ավարտվել, եթե «Համաս»-ը վայր դնի զենքերն ու վերադարձնի պատանդներին», - հայտարարել է Բենյամին Նեթանյահուն։

Սինվարը 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչն է համարվում։ Իսրայելում ավելի քան 1000 մարդ սպանվեց, 251-ը գերեվարվեցին։ Թել Ավիվի պնդմամբ՝ 101 անձ դեռևս Գազայում է պահվում։

«Իսրայելը կերաշխավորի գերիներին ազատ արձակողների անվտանգությունը, բայց նրանց, ովքեր կվնասեն մեր գերիներին, ես այլ ուղերձ ունեմ՝ Իսրայելը կհետապնդի ձեզ և պատասխանատվության կենթարկի», - շարունակել է Նեթանյահուն։

Գերեվարվածները ազատ չեն արձակվի, քանի դեռ իսրայելական ուժերը Գազայից դուրս չեն եկել, ու հրադադար չի հաստատվել, օրվա երկրորդ կեսին հայտարարեց «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյաներից Խալի ալ-Հայան՝ տեսուղերձով հաստատելով Սինվարի մահը։

Յահյա Սինվարը Իսրայելի ամենափնտրվողների ցուցակի առաջին շարքում էր, ամիսներ առաջ Թեհրանում Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո նա արմատական «Համաս» խմբավորման նոր առաջնորդը դարձավ, մինչ այդ էլ խմբավորման գլխավոր դեմքերից էր։

Իսրայելական լրատվամիջոցները գրում են՝ զինված ուժերը չգիտեին, որ իրենց թիրախում անձամբ «Համաս»-ի առաջնորդն է հայտնվել, հարվածից հետո տարածքն ուսումնասիրելու ժամանակ են Սինվարի դին հայտնաբերել։ Թել Ավիվը տեղեկացնում է՝ նրա մոտ զենք են գտել և ավելի քան 10 հազար դոլարի չափով գումար։

Իսրայելը անօդաչու սարքով նկարահանված մի տեսանյութ է հրապարակել՝ «Սինվարի վերջին պահերը» վերնագրով։ Կադրերում երևում է, թե ինչպես է մի անձ ձեռքի փայտանման առարկան նետում շինություն մտած ԱԹՍ-ի ուղղությամբ:

«Համաս»-ի քաղաքական բյուրոյից ամերիկյան NBC-ին հայտնել են՝ իրենց պայքարը չեն թողնելու։ Լրատվամիջոցի հարցին՝ արդյոք Սինվարի մահը «Համաս»-ի վերջի սկիզբն է նշանավորում, պաշտոնյաներից մեկը սպանված այլ առաջնորդների անուններն է թվարկել ու հավելել. «Համաս»-ն ամեն անգամ ավելի ուժեղ և հայտնի է դարձել»։

Փախստականների ճամբարում 1962-ին ծնված Սինվարը իր չափահաս կյանքի զգալի մասը իսրայելական բանտերում է անցկացրել։

80-ականներին՝ «Համաս»-ի հիմնադրումից երկու տարի անց, բանտից ազատված 25-ամյա Յահյա Սինվարը ներքին անվտանգության խմբավորում է ստեղծել՝ «Մաժդ» անունով։ Իսրայելական հատուկ ծառայություների տվյալներով՝ այն ղեկավարելով Սինվարը Իսրայելի հետ համագործակցության մեջ կասկածվող պաղեստինցիների է սպանել, ինչի համար էլ 1988-ին ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Ավելի քան 22 տարի ճաղերի հետևում անցկացնելով՝ 2011-ին ազատ է արձակվել՝ հաջորդող տարիներին «Համաս»-ի հիմնական դերակատարներից մեկը դարձավ։

Իսրայելցի վերլուծաբանների կարծիքով՝ Յահյա Սինվարի սպանությունը պատերազմը դադարեցնելու հնարավորություն է ստեղծել, ընդգծում են՝ ամեն ինչ Իսրայելի ձեռքերում է։ Գազայում պահվող գերիների հարազատները Իսրայելին կոչ են անում մեկտեղել ջանքերը ու բանակցությունների գնալ։

XS
SM
MD
LG