Շուրջ երկու տասնյակ ադրբեջանցիներ, ովքեր զինվորական ծառայության ընթացքում տարբեր վայրերում ու ժամանակահատվածներում հրազենային վիրավորումներ են ստացել, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դատավարության ընթացքում:
Թե ինչ կապ ունեն այդ հրազենային վիրավորումները նրա հետ, հստակ չէ: Վարդանյանը, որ Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը երեք ամիս՝ 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023-ի փետրվարը, և չի համակարգել ռազմական ոլորտը, Բաքվում մեղադրվում է 2020 թվականից հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեջ, որն Ադրբեջանի դեմ պատերազմ սանձազերծելով իրականացրել է մի շարք հանցագործություններ:
Հարցաքննված ադրբեջանցի զինծառայողները, պետական «Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ, նախ ասել են, թե չեն ճանաչում Ռուբեն Վարդանյանին, նրա մասին տեղեկացել են սոցիալական ցանցերից: Ապա հերթով նկարագրել են, թե ինչ վիրավորումներ են ստացել:
Տուժող Վահիդ Ալիևն ասել է, թե վիրավորվել է «Հայաստանի Զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի» արդյունքում, իսկ իր մյուս ընկերները զոհվել են կամ տարբեր վնասվածքներ են ստացել:
Էմին Շահբազովը պատմել է, թե վիրավորվել է Աղդամում, գլխի շրջանում ստացած վնասվածքների պատճառով չի կարողացել խոսել և գրավոր է շփվել բժիշկների հետ:
Էլնուր Հասանովն էլ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տալիս ասել է, թե հրազենային երեք վիրավորում է ստացել, ու իր մարմնից 70 բեկոր են դուրս բերել: 30 բեկոր շարունակում է մնալ իր մարմնում, ու չնայած այդ հանգամանքին՝ շարունակում է ծառայությունը ադրբեջանական բանակում:
«Սա գալիս է ապացուցելու հենց այն հանգամանքը, որ այդ դատավարությունը ֆարս է, ինչպես և Ռուբեն Վարդանյանն ինքն է բնութագրել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Թանդիլյանը, որ 12 օր հացադուլ իրականացրեց ի պաշտպանություն Բաքվում պահվող հայերի, նշեց՝ Ռուբեն Վարդանյանի դեմ ընթացող դատավարությանը պարզ ցույց է տալիս, որ այն որևէ կապ չունի Վարդանյանի հետ: Այս դատավարությունների միջոցով, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարի համոզմամբ, Ադրբեջանն ընդամենը հող է նախապատրաստում Հայաստանի դեմ:
Ի դեպ, Ռուբեն Վարդանյանին վերագրվող ադրբեջանական մեղադրանքներում հատուկ նշվում է, թե Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունները նախաձեռնել և իրականացրել է Հայաստանը:
«Սա ուղղակի դատավարություն է Հայաստանի Հանրապետության դեմ և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ: Եվ այս առումով մենք պետք է շատ զգոն լինենք: Որևէ աղերս չունի այս դատավարական նիստը Ռուբեն Վարդանյանի հետ, սա ակնհայտ է, և անգամ երբ որ մարդկանց ուղիղ հարց են տալիս՝ «դուք ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ», նրանք պատասխանում են, որ «սոցցանցերից ենք ճանաչում իրեն»: Սա ինչի՞ մասին է վկայում՝ որ այդ մարդիկ որևէ պատկերացում չունեն, թե ինչ ասեն Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցերում», - շեշտեց Մանե Թանդիլյանը:
Որ Ադրբեջանում դատում են բոլոր հայերին, այդ մասին շաբաթներ առաջ տարածած աուդիոուղերձում ասել էր նաև շուրջ երկու տարի Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը: Ի դեպ, Վարդանյանի այս խոսքերը ծավալուն իր հոդվածում մեջբերել է BBC-ն:
«Բաքվի դատարանի առջև կանգնած միլիարդատերը՝ խաղաղության պայմանագրից դուրս մնալու վտանգի տակ» վերնագրի ներքո բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը գրել է, որ խաղաղության պայմանագրի մանրամասները թեև չեն հրապարակվել, սակայն պաշտոնյաների փոխանցմամբ՝ փաստաթղթի նախագծում որևէ դրույթ չկա դատարանի առջև հայտնված բանտարկյալների կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին:
BBC-ն գրում է, որ ձախողելով բանտարկյալների հարցը ներառել խաղաղության պայմանագրում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է քննադատության թիրախում թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում: Բրիտանական լրատվամիջոցը նաև մեջբերում է իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքերը, թե միայն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո կարող է լուծվել քաղաքական բանտարկյալների հարցը, և որ այլ ճանապարհ չկա:
«Ռուբեն Վարդանյանը, սակայն, զգուշացրել է, որ դա սխալմունք է», - հավելում է BBC-ն և ծավալուն հոդվածը եզրափակում Ռուբեն Վարդանյանի խոսքերը մեջբերելով. - «Սա ոչ թե իմ ու մյուս 15-ի դատավարությունն է, այլ՝ բոլոր հայերի, և եթե դուք դա չեք հասկանում, ապա դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի»:
Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու հարցով նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցին։