Հնդկաստանը Հայաստան է ուղարկել Bharat Electronics Limited-ի (BEL) արտադրած «Աքաշ» զենիթահրթիռային համակարգի առաջին մարտկոցը, հաղորդում է The New Indian Express-ը։
«Աքաշ»-ը Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից ստեղծված «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է խոցել մինչև 25 կմ հեռավորության վրա գտնվող կործանիչներ, թևավոր հրթիռներ, ԱԹՍ-ներ և այլն։
The New Indian Express-ը նշում է, որ Հայաստանը 2022-ին շուրջ 710 մլն դոլար արժողությամբ 15 «Աքաշ» հրթիռային համակարգերի ձեռքբերման պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ։ Նաև նշվում է, որ Հայաստանն առաջին օտար երկիրն է, որը գնել է այս հրթիռային համակարգը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական գնումները չի բացահայտում։