Խորհրդարանում նախկին 220-ի փոխարեն արդեն մոտ 340 նոր տեսախցիկ է տեղադրված: Հները դեռ հեռացված չեն, բայց կայանքից անջատված են և առաջիկայում կապամոնտաժվեն, փոխանցում են օրենսդիր մարմնից:
Ինչո՞ւ է որոշվել տեսախցիկների թիվը ևս 120-ով ավելացնել. լրատվական վարչությունից պարզաբանում են, թե դա պայմանավորված է տեսահսկման համակարգի արդիականացմամբ։ Նախկինում նկուղներում, պահեստներում տեսախցիկներ չկային, այժմ տեղադրվել են։
Զգուշավորությունը լավ բան է, իշխանական պատգամավոր Ալխաս Ղազարյանն է բացատրում:
«Ամեն դեպքում ինչքան էլ անվտանգ լինի ամեն տարածք՝ լինի դա խորհրդարան, թե այլ շենք, կատարվում է մեր քաղաքացիների, մեր և բոլորիս անվտանգության համար, հատուկ որևէ մեկի համար չի արվում, կարծում եմ», - ասաց նա։
Հատկապես կառավարությունում և խորհրդարանում անվտանգության ռեժիմի գրեթե բոլոր խստացումներն իշխանությունը կապում է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված քաղաքական անկայուն իրադրության հետ։ Այդպիսի մի հիմնավորում ներկայացվեց, երբ պատերազմից հետո իշխանությունը կրկնապատկեց խորհրդարանի պարիսպների բարձրությունը, որոնց դռները փակվել էին դեռ մինչև պատերազմը:
Ոչ մի խորհրդարան այդպիսի վախի մթնոլորտում չի եղել. ընդդիմադիր պատգամավոր
«Սա աննախադեպ է, ու ինչքան էլ փորձեն ասել, որ 1999թ. հոկտեմբերի 27 է տեսել Ազգային ժողովը, այդ օրվանից երկար տարիներ են անցել, ու դրանից հետո տարբեր խորհրդարաններ են եղել, բայց ոչ մի խորհրդարանն այդպիսի վախի մթնոլորտում չի եղել, ինչպիսին այսօրվա իշխանությունն է՝ նրանք վախենում են ամեն ինչից, վախենում են բոլորից», - շեշտեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Իշխանությունը ոչ ոքից և ոչինչից չի վախենում, հակադարձում է ՔՊ-ական պատգամավորը: Իսկ իրենք, ասում է, ինչ էլ անում են, բոլորի համար են անում. - «Դա էլ է հենց ժողովրդավարություն, որ բոլորիս համար է այդ ամեն ինչն արվում»։
Խորհրդարանի տարածքում տեսախցիկներն ավելի քան տասը տարի առաջվա են: Կառույցի լրատվական վարչությունից նշում են, թե դրանք հին էին, ցածրորակ և խնդիրներ էին առաջացնում:
«Խորհրդարանում չպետք է տեղադրվեն այնքան տեսախցիկներ ու այնպիսի արագությամբ ու ուժգնությամբ, ընդ որում առանց տեղեկացնելու, թե դրանց բովանդակությունն ինչպիսին է, այսինքն՝ նրանք ձայն են որսում նաև, թե միայն կադրերն են ֆիքսում», - հավելեց Թագուհի Թովմասյանը։
Նոր տեսախցիկների տեխնիկական բնութագրից պարզ է դառնում, որ դրանք նաև ձայնագրելու հնարավորություն ունեն: Խորհրդարանից, սակայն, վստահեցնում են, թե դրանք միայն տեսանկարահանում են: Սա ընդդիմադիր պատգամավորներին չի համոզում: Կարծում են՝ տեսախցիկներն այսպիսի խտությամբ տեղադրելով իշխանությունը ցանկանում է նաև շենքում գտնվողների տեղաշարժն ու խոսակցությունները ֆիքսել:
«Մի փոքր միջանցքում 6 հատ հաշվեցի, բայց չեմ կարող վստահ լինել, որ ամեն ինչ տեսա, որովհետև յոթերորդն երևաց», - նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
«Տեղեր կան, որ տեսախցիկը չի ֆիքսում, հիմա ավելացրել են, որ այդ տեղերում տեսախցիկը ֆիքսի։ Ինձ թվում է՝ այդտեղ ոչ մի վատ բան չկա», - ասաց «Քաղաքացիական պայմանագրից» Գագիկ Մելքոնյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցնում է, թե ինչպես անցած տարի խորհրդարանի տեսախցիկների նկարահանած կադրերը հայտնվեցին իշխանամերձ լրատվամիջոցներում: Նկատի ունի դաշնակցական Մհեր Սահակյանի և իշխանական Վլադիմիր Վարդանյանի մասակցությամբ ծեծկռտուքը։
«Ազգային ժողովի այս տեսախցիկների ձայնագրությունը հայտնվեց օրինակ՝ «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունում, հիշեցնեմ, որ «Հայկական ժամանակը» պատկանում է Փաշինյանի ընտանիքին», - նշեց Արթուր Խաչատրյանը։
Ազգային ժողովում արդիականացման աշխատանքերի համար 39 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել «Ջի-էս-սի» ընկերության հետ: Այս գումարից մոտ 8 միլիոնը ծախսվել է տեսախցիկների վրա, յուրաքանչյուրի արժեքը մոտ 23 հազար դրամ է: