Հրաչյա Ղևոնդյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից․ դատարանը մերժել է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, |«Ազատության»-ը փոխանցեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այլ խափանման միջոց քննիչի կողմից չի ընտրվել, այս պահին առանց խափանման միջոցի է», - ասաց փաստաբանը։
Երեկ Քննչական կոմիտեն հայտարարեց, թե իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանի որդուն, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. - «Ստե մի հատ ելք կա՝ մտնենք Կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք Ոստիկանության շենքը՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 հոգի մարդ մեռնի, բայց ընգեր երկիր պահես»:
Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղևոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթել իշխանությունը: Թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց ըստ նախաքննական մարմնի՝ դիտարկվել է նաև առաջիկա հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:
Ղևոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը երեկ հայտարարեց՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որևէ մտադրություն չի ունեցել: