Մատչելիության հղումներ

Երևանը չի հերքում, որ առաջիկա օրերին Հայաստանն ու ԱՄՆ-ը կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր


Հայաստանի և ԱՄՆ դրոշները, արխիվ
Հայաստանի և ԱՄՆ դրոշները, արխիվ

Պաշտոնական Երևանը չի հերքում տեղեկությունը, որ առաջիկա օրերին Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրելու են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր առանց փակագծեր բացելու միայն հայտնեց, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում:

«Մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել էինք բարձրացնենք ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթուղթ կամ փաստաթղթեր այս մասին իհարկե կան, հենց այդ հայտարարությունից դա է բխում, հանդիպում էլ է քննարկվում, նախատեսվում: Ինչ կլինի դրա արդյունքը՝ եթե հետևենք լրահոսին, կտեսնենք», - ասաց նախարարը:

Թե մասնավորապես երբ և որտեղ են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունները հանդիպելու, հայկական կողմը դեռ չի հստակեցնում. - «Դե մի քանի օր կարող ենք սպասել, տեսնել», - նշեց Միրզոյանը:

Տեղեկությունը, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում փաստաթուղթ են ստորագրելու, նախօրեին ԱՄՆ մայրաքաղաքից հրապարակել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ պնդելով, թե համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, մասնավորապես խթանում է պաշտպանական համակարգերի արդիականացումը, համատեղ վարժանքները և տարածաշրջանային կայունության նախաձեռնությունները՝ տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական երկխոսությունից վերաճեցին գործընկերության ամիսներ առաջ՝ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի Երևան այցի արդյունքներով։ Ըստ համատեղ հայտարարության՝ դա ենթադրում է աջակցություն Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, համագործակցության ամրապնդում անվտանգության և իրավապահ ոլորտներում և արդարադատության ու ժողովրդավարական ինստիտուտների խթանում։ Պաշտպանության մասով մասնավորապես նշվել էր ամերիկյան աջակցության դերը ոլորտի վերափոխման գործում՝ երկու երկրների բանակների շփումներով, հիշատակվել էր «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը, ինչպես նաև պայմանավորվածությունը երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ անցկացնել։

Այդուհանդերձ, եթե նոր փաստաթուղթը ստորագրվի մինչև հունվարի 20-ը՝ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտը, կստացվի, որ համաձայնությունը Երևանը ձեռք բերեց Վաշինգտոնի հեռացող վարչակազմի հետ։ Արդյոք չկա մտավախություն, որ Միացյալ Նահանգների նոր իշխանությունները կվերանայեն այն կամ ընդհանրապես կյանքի չեն կոչի:

«Վարչակազմերի ձեռագրերի և տեսլականների տարբերություններ անշուշտ կլինեն, ինչպես բոլոր երկրներում, բայց մենք գործ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ մի պետություն, որտեղ ընդհանուր առմամբ նաև ինստիտուցիոնալ հիշողություն կա, ինստիտուցիոնալ ավանդույթներ կան և քաղաքականություն կա, որը շարունակվում է, ի վերջո ամեն ինչ չի փոխվում: Եվ մենք մեր հարաբերությունները զարգացնում ենք Միացյալ Նահանգների հետ, ոչ թե գործող կամ հեռացող վարչակազմի կամ իշխանությունների: Մենք նաև մեր կապերը արդեն իսկ ունենք եկող վարչակազմի հետ, ընտրված նախագահի և նրա թիմակիցների հետ», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, ըստ Երևանի հաղորդագրության՝ վարչապետը Միացյալ Նահանգների նոր առաջնորդին տեղեկություններ է փոխանցել երկկողմ հարաբերություններում վերջին տարիների զարգացումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG